Մատչելիության հղումներ

Լեհաստանը կոչ է անում ՆԱՏՕ-ին կոշտացնել Ռուսաստանի հանդեպ դիրքորոշումը


ՆԱՏՕ-ի զորավարժություններ Լեհաստանում, արխիվ
ՆԱՏՕ-ի զորավարժություններ Լեհաստանում, արխիվ

Ռուսաստանը անարձագանք չի թողնի Լեհաստանի արևելքում ամերիկյան ռազմակայանի հնարավոր ստեղծումը: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարեց Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` արձագանքելով լեհական մամուլի այն տեղեկություններին, որոնց համաձայն՝ Վարշավան առաջարկել է Պենտագոնին Լեհաստանի տարածքում ամերիկյան զրահատանկային դիվիզիա տեղակայել:

«Լեհաստանում ԱՄՆ մշտական ներկայության մասին» վերնագրված փաստաթղթի տեքստը անցած շաբաթավերջին էր հայտնվել լեհական լրատվամիջոցների տրամադրության տակ: Այդ հիմնավորման մեջ նշված է, որ Լեհաստանի տարածքում ամերիկյան ստորաբաժանման տեղակայման գլխավոր նպատակն է լինելու «Ռուսաստանից եկող սպառնալիքների զսպումը»: Լեհ զինվորականները առաջարկում են ամերիկյան ստորաբաժանումները տեղակայել Կալինինգրադի մարզին և Լիտվային հարող շրջանում` այսպես կոչված «Սուվալկիի միջանցքում», խոստանալով այդ նպատակով շուրջ 2 միլիարդ եվրո տրամադրել:

Լեհական թերթերում այս տեղեկությունների ի հայտ գալը համընկավ Վարշավայում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների խորհրդարանականների հերթական հավաքի մեկնարկի հետ: Դիմելով դրա մասնակիցներին՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան նշում էր․ - «Ես ցանկանում եմ ընդգծել, որ վերջին երկու տարիների փորձը եկավ վկայելու, որ մենք չենք կարող հավատ տածել Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարների հանդեպ: Վերջին երկու տարիների փորձը նաև վկայեց, որ Մոսկվան շահագրգռված չէ կառուցողական և ազնիվ երկխոսության ծավալման մեջ: Չհրաժարվելով [Ռուսաստանի հետ] երկխոսության գաղափարից` Հյուսիսատլանտյան դաշինքը նաև պետք է հստակ գնահատական տա ստեղծված կացությանը և հանգի ողջամիտ հետևությունների»:

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով էլ՝ արդեն առաջիկա ամիսներին ՆԱՏՕ-ն լրջորեն քննարկելու է նախևառաջ Եվրոպայում ուժերի արագ տեղաշարժ ապահովելու հարցը:

«Ես կարծում եմ, որ դաշինքի` հուլիսին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում մենք քննարկելու ենք, թե ինչպես է հարկավոր անհրաժեշտության դեպքում ուժերի տեղաշարժ կազմակերպել: Մենք այժմ քննարկում ենք այսպես կոչված «պատրաստվածության նախաձեռնությունը»` փորձելով առանձնացնել դաշինքի կազմում ներգրավված այն ստորաբաժանումները, որոնք հնարավոր կլինի օգտագործել արագ արձագանքման անհրաժեշտության դեպքում», - նշում էր Ստոլտենբերգը:

Դրա հետ մեկտեղ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հատուկ ընդգծում էր, որ Բրյուսելում շարունակում են հուսալ, որ մի օր Ռուսաստանի հետ հնարավոր կլինի բնականոն հարաբերություններ հաստատել:

«Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը մեր հարևանն է, Ռուսաստանը իր աշխարհագրական դիրքը երբեք չի փոխի: Այդ իսկ պատճառով մենք պետք է կարողանանք գտնել շատ ազդեցիկ ու ազնիվ ուղերձների համադրությունը, երբ նրանք խախտում են միջազգային օրենքները, պատասխանատվություն են կրում կիբերհարձակումների համար, անողոք քայլեր են ձեռնարկում, ինչպես, օրինակ, Սոլսբերիի թունավորումն էր: Այս ամենի ֆոնին մենք պետք է ազդեցիկ ուղերձները համադրենք թափանցիկության և երկխոսության հետ», - ասում էր Ստոլտենբերգը:

Պաշտոնական Վարշավան, սակայն, զգուշացնում է, որ Ռուսաստանից եկող վտանգը ոչ միայն ռազմական է, այլև՝ տնտեսական: Որպես ասվածի գլխավոր ապացույց Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին մատնանշում էր Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ հանդիսացող որոշ պետությունների` նախևառաջ Գերմանիայի պահվածքը, որոնք ակտիվորեն էներգետիկ համատեղ ծրագրեր են առաջ տանում Մոսկվայի հետ` Եվրոպան փաստացի կախվածության մեջ դնելով ռուսաստանյան էներգակիրներից:

«Այսօր այս հավաքի մասնակիցները պետք է իրենց հարց տան` արդյո՞ք Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամները անվտանգությունը չէ, որ վտանգված է: «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը վտանգ է ներկայացնում թե՛ էներգետիկ անվտանգության և թե՛ եվրոպական համերաշխության տեսանկյունից: Այժմ մենք շրջադարձային մի կետում ենք գտնվում», - հայտարարում էր Լեհաստանի վարչապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG