Մատչելիության հղումներ

Մխիթարյան. «Էմերին նոր գաղափարներ, նոր ոգի կբերի»


«Արսենալ»-ի նոր մարզիչ Ունայ Էմերի, արխիվ
«Արսենալ»-ի նոր մարզիչ Ունայ Էմերի, արխիվ

Լոնդոնի «Արսենալ»-ի հայ աստղ Հենրիխ Մխիթարյանը հուսով է, որ ակումբի նորանշանակ իսպանացի մարզիչ Ունայ Էմերին իր հետ կբերի տակտիկական նոր գաղափարներ և ոգի:

Էմերին փոխարինել է լեգենդար Արսեն Վենգերին, ով 22 տարի ղեկավարել է զինագործների թիմը:

Associated Press-ի մարզական բաժինը հիշեցնում է, որ հարձակողական ոճի կիսապաշտպան Մխիթարյանը «Մանչեսթր Յունայթեդ»-ից տեղափոխվել է «Արսենալ», որից, իր հերթին, «կարմիր սատանաների» թիմ է փոխադրվել չիլիացի Ալեքսիս Սանչեսը:

Մխիթարյանը մեծ հույսեր է կապում Էմերիի հետ, որի ղեկավարությամբ «Պարի Սեն-Ժերմեն»-ն ավարտված մրցաշրջանում եռակի հաղթանակ է տարել՝ դառնալով Ֆրանսիայի չեմպիոն, Ֆրանսիայի գավաթակիր և Լիգայի գավաթակիր:

«Ես դեռ չեմ ունեցել Էմերիի հետ անձամբ հանդիպելու հնարավորություն, մենք թիմով չենք զրուցել նրա հետ, նա առանձին դեռ չի խոսել ֆուտբոլիստների հետ, ոչ էլ մենք մարզիկներով ենք խոսել նրա մասին, չկար ժամանակ»,- ասել է Մխիթարյանը Vivaro News Sport կայքի հետ զրույցում և հավելել. - «Հուսով եմ, որ նա հաջողությամբ կաշխատի»:

Մխիթարյանը խոսել է ակումբի օրակարգի առաջնահերթությունների մասին: Նրա խոսքով՝ ավարտված մրցաշրջանի հիմնական նպատակն էր գրավել Պրեմիեր լիգայի աղյուսակում այնպիսի տեղ, որը կտար Եվրոպայի Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունք, բայց «Արսենալ»-ը ձախողվեց:

«Մենք դա էինք ուզում, դրա համար էինք պայքարում, սակայն չստացվեց, ինչ արած, սա ֆուտբոլ է, հիմա մեր նպատակն է դրան հասնել գալիք մրցաշրջանում և երկու տարում վերադառնալ Չեմպիոնների լիգա», - ասել է հայ աստղը:

Մխիթարյանը շատ ջերմ է խոսել Արսեն Վենգերի մասին, ասելով, որ իսկապես դժվար էր հրաժեշտ տալ այդ մասնագետին:

«Ոչ միայն ֆուտբոլիստները, ակումբի ամբողջ կազմն էր տխուր, հեշտ չէ բաժանվել մի մարդուց, ով 22 տարի մարզել է թիմը», - ասել է Մխիթարյանը և ավելացրել. - «Չեք պատկերացնում, թե ինչ զարմանալի մթնոլորտ էր նա ստեղծել: Եթե նա որոշեր ևս 10 տարի մնալ, ոչ ոք չէր առարկի»:

Հիմա «Արսենալ»-ի պատմության նոր էջ է բացվում: Մխիթարյանը հավատում է, որ Ունայ Էմերիի համար էլ առաջնահերթությունը կլինի վերադարձը Չեմպիոնների լիգա:

«Այս ակումբում բոլորը պրոֆեսիոնալներ են, յուրաքանչյուրը գիտի, թե ինչ պետք է անի, գիտակցում է, թե իրենից ինչ են սպասում», - ասել է Հենրիխ Մխիթարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG