«Նոր լուսաբաց, նոր դարաշրջան, նոր էջ»՝ այս տրամադրվածությամբ է դիմավորում «Արսենալն» իր նոր մարզչին: 46-ամյա Ունայ էմերին ստանձնում է «Արսենալի» մարզչի պաշտոնը «Պարի Սեն-Ժերմեն» ֆրանսիական ակումբը երկու տարի ղեկավարելուց հետո, որի ընթացքում հասցրել է հաղթել Ֆրանսիայի առաջնությունում, արժանանալ Ֆրանսիայի գավաթին և ֆրանսիական լիգայի գավաթին: Մինչ այդ նա մարզել է իսպանական ակումբներ «Սևիլիան», «Վալենսիան», նաև մոսկովյան «Սպարտակը»:
Մարզական վերլուծաբանները նկատում են, որ Էմերին, մասնավորապես, «Սևիլիային» կարողացել է դարձնել Իսպանիայի ամենամրցունակ թիմերից մեկը՝ ունենալով բավական համեստ կազմ: Ունայն իր մարզչական գործունեությունը սկսել է 2004 թվականին՝ երբ ծնկի ծանր վնասվածքի պատճառով ստիպված եղավ թողնել ֆուտբոլիստի կարիերան:
«Ունայ Էմերիի աշխատասիրությունն ու աշխատանքի հանդեպ կրքոտ վերաբերմունքը, արժեքները, որոնք նա քարոզում է խաղադաշտում և դրանից դուրս, նրան դարձնում են «Արսենալի» գլխավոր մարզչի իդեալական թեկնածու»,- այսօր հայտարարել է լոնդոնյան ակումբի գործադիր տնօրեն Իվան Գազիդիսը, ընդգծելով՝ իսպանացի մասնագետի գլխավորած թիմերն առանձնանում են տպավորիչ խաղով, իսկ Էմերին իր գործունեության ընթացքում մշտապես ցուցադրել է հրաշալի արդյունքներ:
Ունայը լոնդոնյան զինագործներին է միանում երեք տարի ժամկետով, հայտնում է «Արսենալի» մամուլի ծառայությունը: Ըստ նույն աղբյուրի, այդ որոշումն ընդունվել է մանրակրկիտ որոնումների արդյունքում: Բասկական ծագմամբ իսպանացի մարզիչը, ով, ի դեպ, վատ է խոսում անգլերեն, «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինում է Արսեն Վենգերին: Վերջինս դեռ անցած ապրիլին հայտարարել էր, թե պատրաստվում է հրաժեշտ տալ մարզչի պաշտոնին, որը զբաղեցրել է 22 տարի անընդմեջ:
68-ամյա Վենգերի պաշտոնավարման օրոք «Արսենալը», որի կազմում այժմ խաղում է նաև Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, երեք անգամ հաղթել է պրեմիեր լիգայի մրցաշարում և յոթ անգամ արժանացել Անգլիայի գավաթին: 2003-2004 թվականների խաղաշրջանում Վենգերը դարձել է անգլիական պրեմիեր լիգայի պատմության ընթացքում միակ մարզիչը, որին հաջողվել է իր թիմը հասցնել բարձրագույն լիգա՝ չկրելով ոչ մի պարտութուն:
Մարզական մեկնաբանները ֆուտբոլային ընտանիքում ծնված Ունային համարում են մարզչի դասական տեսակ․ Էմերին ունի իր հայացքները, որը կարողանում է փոխանցել թիմին, կարողանում է զարգացնել խաղացողներին և բացի մարզչի աշխատանքից որևէ այլ գործով երբեք չի զբաղվել: Մամուլը նկատում է, որ Էմերին, ի տարբերություն իր շատ գործընկերների, առանձնանում է համեստությամբ՝ «նրա համար առաջնահերթությունների ցանկում առաջին, երկրորդ և երրորդ տեղերում բացառապես ֆուտբոլային հարցերն են»,- նկատում են մեկնաբանները:
«Արսենալի» համար այժմ առաջնային խնդիրը համաշխարհային ֆուտբոլի գլխավոր ակումբային մրցաշար վերադառնալն է: Ի վիճակի՞ է արդյոք Էմերին իրագործել այդ նպատակը, այս հարցին տրվող պատասխանները հիմնականում դրական են, սակայն զինագործների սեփականատերերն ու երկրպագուները նրանից ավելին են պահանջում, ակնկալելով բեկումնային արդյունքներ, ինչպիսիք, օրինակ, ապահովեց Յուրգեն Կլոպը՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզչի պաշտոնում:
«Ես շատ ուրախ եմ, որ ինձ են վստահել «Արսենալի» պատմության կարևոր էջը»,- այսօր հայտարարել է լոնդոնյան ակումբի նորանշանակ մարզիչը, խոստովանելով, որ հուզված է, քանի որ «դառնում է լավագույն ակումբներից մեկի մասնիկը»: «Ես ոգևորված եմ և ցանկանում եմ առանձնահատուկ պահեր ու հիշողություններ նվիրել բոլոր նրանց, ովքեր սիրում են «Արսենալը», - նաև ասել է իսպանացի մարզիչ Ունայ Էմերին: