Մատչելիության հղումներ

«Բուժումը ծանր էր, մենք դեռ չեն ապաքինվել». Յուլիա Սկրիպալը թունավորումից հետո առաջին հարցազրույցն է տվել


Մարտի 4-ին Սոլսբերի քաղաքում թունավորված ռուսաստանցի նախկին սպա Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ Յուլիա Սկրիպալը թունավորումից հետո երեկ առաջին հարցազրույցն է տվել «Ռոյթերզ» գործակալությանը։

Հարցազրույցում Յուլիա Սկրիպալը հայտնում է, որ բուժումը ծանր էր, իրենք դեռ չեն ապաքինվել, ինքն ու հայրը դեռ շարունակում են բուժումը։

Յուլիա Սկրիպալը նաև ասել է, որ ապագայում մտադիր է վերադառնալ Ռուսաստան, սակայն այսօր առաջնայինը նրա համար իր և հոր առողջությունն է։

Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի դեսպանությանը օգնության համար, սակայն նշել է, որ ինքն այդ առաջարկից հրաժարվել է։

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանությունը մտահոգություն է հայտնել Յուլիա Սկրիպալի տեսագրության առիթով՝ նշելով, թե այդ տեսագրությունն է՛լ ավելի է խորացրել իրենց անհանգստությունը. դեսպանությունում համոզված են՝ այն, ինչ ասում է Սկրիպալի դուստրը, նախօրոք գրված տեքստ է, և երիտասարդ կինը պարզապես կարդում է այդ տեքստը։

«Հնարավոր է, որ Յուլիա Սկրիպալին պահում են իր կամքին հակառակ», - հայտնում է ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը։

Հիշեցնենք՝ պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ տեղեկություն չունի, թե որտեղ է պահվում Յուլիա Սկրիպալը և ինչ վիճակում է նա։

Յուլիա Սկրիպալին հիվանդանոցից դուրս են գրել ապրիլի 9-ին և տեղափոխել գաղտնի մի վայր։ Ռուսական կողմը պնդում է, որ Սկրիպալների հարազատները չեն կարողանում հանդիպել նրանց հետ։

Ավելի վաղ պաշտոնական Լոնդոնը հրաժարվել էր արտոնագիր տրամադրել Սկրիպալների ազգականուհի Վիկտորիա Սկրիպալին։

Հիշեցնենք՝ 66-ամյա Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ 33-ամյա Յուլիային մարտի 4-ին անգիտակից վիճակում հայտնաբերել էին բրիտանական Սոլսբերի քաղաքում նստարանին, ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել հիվանդանոց:

Նրանց թունավորման համար Մեծ Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին:

Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները և երկու տասնյակ այլ երկրներ այս դեպքի հետ կապված ավելի քան 150 ռուսաստանցի դիվանագետների արտաքսեցին, ինչին Ռուսաստանը նույն կերպ պատասխանեց:

Ապրիլի սկզբին հայտնի դարձավ նախ Յուլիա Սկրիպալի, ապա՝ Սերգեյ Սկրիպալի առողջական վիճակի բարելավման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG