Մատչելիության հղումներ

Արմավիրում թունավորման գործով ՍԱՊԾ-ն հայտնում է լաբորատոր փորձաքննության արդյունքները


Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ), տեղեկացնում է, որ Արմավիրում «Հայաստանի հողեր» ընկերության աշխատակիցների թունավորման պատճառները հստակեցնելու նպատակով կատարված վերահսկողության շրջանակներում, ծառայությունը կասեցրել էր անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանի գործունեությունը և առկա խոհարարական արտադրանքի (սենդվիչ) իրացումը, ինչպես նաև նմուշառում էր կատարվել խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից:

Ըստ ՍԱՊԾ-ի, լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ խոհարարական արտադրանքում հայտնաբերվել են «մանրէաբանական անհամապատասխանություններ՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱՄ) և ոսկեգույն ստաֆիլակոկկ ցուցանիշներով: Ջրից և կեռասից վերցված նմուշներում որևէ շեղում չի հայտնաբերվել»:

Ըստ ծառայության, նշված մանրէաբանական անհամապատասխանությունները կարող են դառնալ սննդային թունավորման պատճառ, որի բնորոշ հատկանիշներն են գլխացավը, գլխապտույտը, ջերմաստիճանի բարձրացումը, փսխումը, դիարեան (լուծ), երբեմն՝ հոդացավը: Սննդային թունավորման պատճառ կարող են դառնալ ինչպես ախտածին մանրէները, այնպես էլ դրանց կենսագործունեության ընթացքում արտադրված տոքսինները (թույները):

ՍԱՊԾ-ն տեղեկացնում է, որ մասնագետները շարունակում են վերահսկողական գործողությունները նաև «ԱլկաՖուդ» և «Միլեռոն» ՍՊԸ-ներում, որոնք, ինչպես պարզվել էր հետագծելիության սկզբունքով, Ա/Ձ Ալվինա Մելքոնյանին սննդամթերք մատակարարողներն են:

Հիշեցնենք՝ մայիսի 17-ին և 18-ին նույն ախտանիշներով՝ սրտխառնոց, փսխում, ջերմություն, լուծ, գլխապտույտ, «Արմավիր» ու «Մեծամոր» ԲԿ-ներ էին տեղափոխվել «Հայաստանի հողեր» ընկերության 87 աշխատակիցներ։ Նրանք ամսի 17-ին ընդմիջմանը կերել էին «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ի մատակարարած սենդվիչներ, որոնցում եղել է հավի միս, պանիր, կարտոֆիլ և կանաչեղեն: Աշխատակիցները նաև կեռաս են կերել ու «Վազգեն Ղուկասյան» ԱՁ-ի մատակարարած ջրից խմել։

Զանգվածային թունավորման դեպքով հարուցվել է քրեական գործ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG