Մատչելիության հղումներ

ՔԿ-ն նոր մանրամասներ է հաղորդում Արմավիրի մարզում զանգվածային թունավորման գործով


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Բաղրամյան տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցների թունավորման դեպքի առթիվ։

Ըստ կոմիտեի, մայիսի 17-ին ահազանգ է ստացվել, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արմավիրի մարզի Բաղրամյանի տարածաշրջանում գործող «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերության մի խումբ աշխատակիցներ:

Պարզվել է, որ վերջիններս սննդային թունավորում են ստացել ընկերությանը պատկանող հողատարածքներում աշխատելու ընթացքում՝ ժամը 12-13-ի սահմաններում կազմակերպված ընդմիջման ժամանակ ընկերության կողմից տրամադրված համբուրգերները ուտելուց շուրջ 1.5-2 ժամ անց:

«Ընկերության լիազորված անձի տրամադրած տեղեկությունների համաձայն՝ ընկերության՝ թվով 247 աշխատակիցները խաղողի այգիներում աշխատանքներ կատարելուց հետո՝ ընդմիջմանը՝ ժամը 12- 13-ի սահմաններում, կերել են «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ի կողմից մատակարարված համբուրգերները, որոնցում եղել է հավի միս, պանիր, կարտոֆիլ և կանաչեղեն: Համբուրգերների հետ միասին նրանց տրամադրվել է նաև նույն ԱՁ-ի կողմից մատակարարված կեռաս և «Վազգեն Ղուկասյան» ԱՁ-ի կողմից մատակարարված ջուր», - ասված է հաղորդագրությունում:

Կոմիտեն նշում է, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի [սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում] հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Ըստ հաղորդագրության, փորձանմուշներ են վերցվել աշխատակիցներին տրամադրված սննդամթերքից, կեռասից և ջրից: Բացի այդ, փորձանմուշներ են վերցվել նաև «Ալվինա Մելքոնյան» ԱՁ-ին պատկանող Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում գտնվող սննդի արտադրամասից (պանրի, կեռասի, լոլիկի մածուկի և մայոնեզի): Նախնական տվյալներով՝ համբուրգերների մեջ լոլիկի մածուկը և մայոնեզը լցոնված չի եղել. դրանք առաքվել են տարաներով՝ սննդի հետ։ Արտադրամասում հնարավոր չի եղել վերցնել համբուրգերներում լցոնած հավի կրծքամսից փորձանմուշ, քանի որ այն սպառված է եղել։

Նշանակվել են դատաբժշկական, դատասննդային փորձաքննություններ: Այս պահի դրությամբ, քրեական գործի տվյալներով, թունավորումից տուժել է 71 անձ: Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG