Մատչելիության հղումներ

Բրիտանիան պետք է մշակի ռուսական քաղաքական ռեժիմին դիմակայելու ընդհանուր ռազմավարություն. զեկույց


Բրիտանիան պետք է մշակի ռուսական քաղաքական ռեժիմին դիմակայելու ընդհանուր ռազմավարություն, ինչպես նաև ուժեղացնի ֆինանսական ճնշումը Վլադիմիր Պուտինի և նրա շրջապատի վրա, սա է Մեծ Բրիտանիայի պառլամենտի ստորին պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի ներկայացրած զեկույցի հիմնական եզրակացությունը։

Զեկույցի համաձայն, ռուսաստանյան «կեղտոտ» փողերը վնասում են Կրեմլին դիմակայելու Լոնդոնի ջանքերը՝ աջակցելով Պուտինի վարչակազմին, որը նպատակ ունի խարխլել, տապալել միջազգային իրավունքների վրա հիմնված գլոբալ համակարգը։

Զեկույցի հեղինակները պնդում են, որ մինչ օրս Լոնդոնի կիրառած միջոցները բավարար չէին, և իրականում նույնիսկ արևմտյան պատժամիջոցների տակ գտնվող Կրեմլին մոտ կանգնած ռուս օլիգարխները կարողանում են Լոնդոնի բորսայում վաճառքի հանել իրենց ընկերության բաժնետոմսերը և լուրջ դիվիդենտներ ստանալ։

Մինչդեռ Ռուսաստանի տնտեսությունը շատ կապված է արևմտյան ֆինանսական համակարգի հետ, ինչը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին, Եվրամիությանն ու մյուս երկրներին Կրեմլի ագրեսիվ քաղաքականությանը դիմակայելու լուրջ միջոցներ գտնել, նշված է «Մոսկվայի ոսկին. ռուսական կոռուպցիան Միացյալ Թագավորությունում» անվամբ զեկույցում, որն այսօր ներկայացրել է Ներկայացուցիչների տան Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Թոմ Թըգենդաթը։

Նրա խոսքով՝ Լոնդոնի շուկան հնարավորություն է ստեղծում Կրեմլի համար տարածել իր ազդեցությունը՝ տարբեր գործարքներ կատարելով, սեփականություն գնելով ու վաճառելով Լոնդոնում։

Բացի այդ Transparency International-ի գնահատմամբ, անշարժ գույքի բրիտանական շուկա է ներմուծվել գրեթե չորսուկես միլիարդ կեղտոտ ֆունտ ստերլինգ, որոնցից շուրջ մեկ միլիարդը ռուսական փողեր են։

Ռուսական աղբյուրներն այսօր գրում են, որ պաշտոնական Լոնդոնն, ինչպես և խոստացել էր, պատերազմ է սկսել ռուսական փողերի և ռուս օլիգարխների դեմ, և սա, փորձագետների կարծիքով, կարող է լուրջ նյարդայնացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և հատկապես նրա շրջապատին։ Նշենք, որ ռուսաստանցի օլիգարխների և պարզապես մեծահարուստների, այդ թվում՝ նաև նախկին և գործող չինովնիկների ֆինանսական հանգրվանը հենց Մեծ Բրիտանիան է, ավելին՝ նրանց ընտանիքները մեծամասամբ բնակվում են հենց Լոնդոնում։ Առաջին զոհի անունն էլ արդեն հայտնի է. Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեն երկարաձգել ռուսաստանցի ամենահարուստ օլիգարխներից մեկի՝ Ռոման Աբրամովիչի մուտքի արտոնագիրը։ Այդ մասին երեկ հաղորդել է The Bell-ը՝ վկայակոչելով գործարարի շրջապատը։

Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող օլիգարխի նախորդ վիզան ավարտվել է դեռևս երեք շաբաթ առաջ։ Բրիտանական մամուլը միևնույն ժամանակ գրում է, որ Բրիտանիայի իշխանություններն, ամեն դեպքում, չեն մերժել Աբրամովիչին, պարզապես դեռ ուսումնասիրվում են նրա փաստաթղթերը։

Ամեն դեպքում Աբրամովիչը, ով, հիշեցնենք, բրիտանական «Չելսի» ֆուտբոլային ակումբի սեփականատերն է, սակայն վիզա չունենալու պատճառով չի կարողացել ներկա գտնվել Անգլիայի եզրափակիչի «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» խաղին։

Սա թերևս առաջին հայտնի դեպքն է, երբ Մեծ Բրիտանիայի իշխանություններն արգելում են ռուսաստանցի օլիգարխի մուտքն այդ երկիր։

Նշենք, որ հենց Լոնդոնում են մեծամասամբ բնակվում ռուսաստանցի օլիգարխներն, օրինակ՝ Ռոման Աբրամովիչը, Ալիշեր Ուսմանովը։ Լոնդոնը նաև Ռուսաստանից ինչ-ինչ պատճառներով հեռացած Ռուսաստանցի մեծահարուստների հանգրվանն է։ BBC-ն վերջերս նույնիսկ МакМафия վերնագրով սերիալ էր ցուցադրել Լոնդոնում բնակվող ռուսաստանցի մաֆիոզ օլիգարխների մասին։

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը հայտարարել էր, թե իշխանությունները սկսել են ստուգել հարուստ ռուսների մուտքի արտոնագրերը։ Լոնդոնն այս քայլերին, հիշեցնենք, գնացել է Ռուսաստանցի նախկին գործակալ Սերգեյ Սկրիպալին թունավորելուց հետո, Ռադը նաև հայտարարել էր, որ իր ղեկավարած գերատեսչությունը մտադիր է ստուգել 2008-2015 թվականներին ռուսաստանցիներին տրված շուրջ 700 վիզաներ։

Հիշեցնենք՝ բրիտանական այսպես կոչված ներդրումային վիզան կարելի է ձեռք բերել, եթե այդ երկրի տնտեսությունում ներդրել ես ավելի քան 2 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ռուսաստանցի օլիգարխների և մեծահարուստ չինովնիկների համար սա իհարկե ծիծաղելի գումար է։ Լոնդոնում այնքան շատ ռուս մեծահարուստ է ապրում, որ Մոսկվայում նույնիսկ կատակում են՝ ասելով, որ իրականում Լոնդոնը պետք է անվանել Լոնդոնգրադ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG