Մատչելիության հղումներ

Երթևեկության փոփոխություններ Մաշտոցի պողոտա-Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցում


Երևանի փողոցներից մեկը, արխիվ
Երևանի փողոցներից մեկը, արխիվ

Երևանի Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորչի փողոց տրանսպորտային հանգույցի ստորգետնյա թունելային պատերի և առաստաղի վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով մայիսի 20-ից ժամանակավորապես՝ մեկ ամսով կդադարեցվի երթևեկությունը Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ շարժման ուղղությամբ:

Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝ նշված ժամանակահատվածում տրանսպորտային հանգույցի երթևեկության կազմակերպման սխեմայում տեղի կունենան հետևյալ փոփոխությունները.

- հանգույցի ստորգետնյա մասում՝ Հաղթանակի կամրջից դեպի Մաշտոցի պողոտա շարժման ուղղությամբ կազմակերպվելու է երկկողմ երթևեկություն, իսկ Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջ ուղղությամբ բաժանարար գոտուց աջ ընկած հատվածի ստորգետնյա երթևեկությունը դադարեցվելու է,

- հանգույցի վերգետնյա հատվածում թույլատրվելու է տրանսպորտային հոսքերի շարժումը բոլոր ուղղություններով, այդ թվում նաև ուղիղ՝ Մաշտոցի պողոտայի կողմից դեպի Հաղթանակի կամուրջ և հակադարձ՝ Հաղթանակի կամրջի կողմից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ: Միաժամանակ արգելվելու է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը հանգույցի վերգետնյա հատվածներում՝ «Մետրոպոլ» հյուրանոցի մոտից մինչև Գրիգոր Լուսավորչի փողոց և Պարոնյան փողոցից մինչև Հաղթանակի կամուրջ ճանապարհահատվածներում:

Շինարարական աշխատանքների ընթացքում խցանումներից հնարավորինս խուսափելու համար, քաղաքապետարանը թեթև մարդատար ավտոմեքենաների վարորդներին առաջարկում է երթևեկել Մաշտոցի պողոտա-Սարյան-Լեո-Պարոնյան փողոցներով կամ Մաշտոցի պողոտա- Մովսես Խորենացու-Զաքյան (Իտալիայի) շրջանցիկ ճանապարհներով:

Նշված ժամանակահատվածում շինարարությունը ավարտելու նպատակով, աշխատանքները իրականացվելու են երկհերթ:

«Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք մեր համաքաղաքացիների ներողամտությունը», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG