Մատչելիության հղումներ

Զանգվածային թունավորման արդյունքում կասեցվել է ընկերությանը սնունդ մատակարարող Ա/Ձ-ի գործունեությունը


Զանգվածային թունավորման արդյունքում կասեցվել է «Հայաստանի հողեր» ՓԲ ընկերությանը սնունդ մատակարարող անհատ ձեռներեց Ալվինա Մելքոնյանի գործունեությունը։ Այդ մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ)։

Ըստ ծառայության, Արմավիրի մարզում զանգվածային թունավորման մասին Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից ստացված ահազանգի հիման վրա, ՍԱՊԾ աշխատակիցները տեղում ծանոթացել են իրավիճակին, և անմիջապես կատարել նմուշառում սառնարանում առկա խոհարարական արտադրանքից, ջրից և կեռասից, որոնք ներկայացվել են լաբորատոր փորձաքննության:

«Իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում, հետագծելիության սկզբունքով, մասնագետները պարզել են, որ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին խոհարարական արտադրանք է մատակարարում անհատ ձեռնարկատեր Ալվինա Մելքոնյանը, որն այդ օրը «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ին մատակարարել է 247 խոհարարական արտադրանք (հավի կրծքամսով, պանրով, կարտոֆիլով և կանաչիով սենդվիչ): Ա/Ձ Ալվինա Մելքոնյանի գործունեությունը, ինչպես նաև առկա ողջ խոհարարական արտադրանքի իրացումը կասեցվել է», - ասված է հաղորդագրությունում:

ՍԱՊԾ-ն նաև տեղեկացնում է, որ վերահսկողական գործողություններ են իրականացվում նաև Ա/Ձ Ալվինա Մելքոնյանին սննդամթերքի մատակարարող «Ալկա Ֆուդ» ՍՊԸ-ում: «Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ», - ասված է հաղորդագրությունում:

Նշենք, որ ըստ Քննչական կոմիտեի այսօրվա հաղորդագրության, այս պահի դրությամբ, քրեական գործի տվյալներով, թունավորումից տուժել է 71 անձ: Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը: Թունավորումների դեպքով հարուցվել է քրեական գործ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG