Մատչելիության հղումներ

Վարչապետը ԱԳՆ աշխատակազմին է ներկայացրել նոր նախարարին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր այցելել է արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին:

Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ կառավարության ղեկավարը նշել է, որ դիվանագիտական կորպուսը մեր պետության կայացած համակարգերից մեկն է, և ավելացրել, որ այն վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Էդուարդ Նալբանդյանին կատարած աշխատանքի համար և նշել. - «Պարոն Մնացականյանին նախարարի պաշտոնը առաջարկելու մոտիվացիան եղել է հետևյալը. ապահովել քաղաքական փոփոխությունների սահունությունն արտաքին գործերի նախարարության և դիվանագիտական կորպուսի համար: Կարծում եմ՝ առաջիկայում պետք է լրջորեն աշխատենք, որովհետև Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան լրջագույն հարցեր, որոնք կարևոր և կենսական նշանակություն ունեն Հայաստանի Հանրապետության համար: Այդ հարցերի նկատմամբ մեր դիրքորոշումից է կախված Հայաստանի բնականոն զարգացումը, անվտանգությունը և միջազգային հեղինակությունը»: Փաշինյանն ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի միջազգային հեղինակությունը գտնվում է բավականին բարձր մակարդակի վրա և այն լավ հնարավորություն է վերածելու արտաքին քաղաքական ձեռքբերումների: Նա շեշտել է, որ պետք է դիվանագիտական կորպուսը հնարավորինս զերծ պահել քաղաքական փոփոխությունների ազդեցությունից, ինչն աշխատանքի արդյունավետ կազմակերպման լավ միջոց է:

Էդուարդ Նալբանդյանը շնորհավորել է նորանշանակ նախարարին և համոզմունք հայտնել, որ նրա գլխավորությամբ և համակարգի պրոֆեսիոնալ դիվանագետների գործունեությամբ հնարավոր կլինի արձանագրել նորանոր ձեռքբերումներ արտաքին քաղաքականության ոլորտում:

Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել, որ Էդուարդ Նալբանդյանի գլխավորությամբ անցած տարիների ընթացքում դիվանագիտական կորպուսը բարձրացրել է մասնագիտական կարողություններն ու ներուժը:

«Գիտակցում եմ առկա մարտահրավերների ողջ ծավալը, բայց ինձ զգում եմ վստահ և ուժեղ առկա մեծ թիմով: Հիմնվելով մեր հսկայական ներուժի վրա՝ վստահ եմ, որ միասին շարունակելու ենք առաջ տանել Հայաստանի օրակարգը», - ասել է նորանշանակ արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG