Մատչելիության հղումներ

Թբիլիսիում բողոքի գործողություններն ավարտվել են


Վրաստան - Ոստիկանները Ռուսթավելիի պողոտայում, Թբիլիսի, 13-ը մայիսի, 2018թ․
Վրաստան - Ոստիկանները Ռուսթավելիի պողոտայում, Թբիլիսի, 13-ը մայիսի, 2018թ․

Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան ներողություն է խնդրել Թբիլիսիում կազմակերպված բողոքի գործողությունների մասնակիցներից` ուրբաթ օրը քաղաքի մի շարք գիշերային ակումբներում կազմակերպված ռեյդերի ընթացքում ոստիկանության կոշտ գործողությունների համար:

Գախարիայի հայտարարությունը հնչել է անցած գիշեր կայացած բանակցությունների ընթացքում, որոնց մասնակցել են Վրաստանի ներքին գործերի նախարարության և «Թեթրի խմաուրի» («Սպիտակ աղմուկ») կազմակերպության ղեկավարները:

«Ես ներողություն եմ խնդրում ոչ միայն իմ անունից: Ես հայցում եմ ձեր ներողամտությունը, եթե ՆԳՆ որևէ ներկայացուցիչ վտանգել է ձեր անվտանգությանը», - նշել է Գախարիան:

Գիշերային բանակցությունների արդյունքում Ռուսթավելիի պողոտայում կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները որոշել են դադարեցնել հանրահավաքը:

«Ներքին գործերի նախարարը խոստացել է, որ այն ոստիկանները, որոնք գերազանցել են իրենց լիազորությունները, կպատժվեն», - նշել է բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը` Բեկա Ցիկարիշվիլին:

Ժամեր առաջ էլ տեսաուղերձով էր հանդես եկել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ կոչ անելով մայրաքաղաք խորհրդարանի շենքի առջև հավաքված բազմությանը պահպանել հանդարտություն և զերծ մնալ բռնություններից:

«Երկրում ցանկացած բախում, հասարակության ցանկացած բաժանում անընդունելի է Վրաստանի իշխանությունների և ժողովրդի համար: Վրաստանի իշխանությունները կոշտ մոտեցում են ցուցաբերելու թմրավաճառների նկատմամբ», - հայտարարել է վարչապետը: Թբիլիսիում օրեր շարունակ չեն դադարում բողոքի ակցիաները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG