Մատչելիության հղումներ

Վրաստանում ցուցարարներն արդեն պահանջում են վարչապետի և ՆԳ նախարարի հրաժարականները


Վրաստան - Մայիսի 13-ի բողոքի ակցիան Թբիլիսիում
Վրաստան - Մայիսի 13-ի բողոքի ակցիան Թբիլիսիում

Հանգստյան օրերին Թբիլիսիում շարունակվում էին երիտասարդության բողոքի գործողությունները, որոնց դրդապատճառը դարձան մայիսի լույս 12-ի գիշերը քաղաքի խոշորագույն հինգ գիշերային ակումբներում իրականացված ոստիկանական գործողությունները: Դրանց նպատակը թմրամիջոցների վաճառքով զբաղվող անձանց հայտնաբերումն ու ձերբակալումն էր:

Գիշերային ակումբների հաճախորդները, սակայն, պնդում են, որ ոստիկանները ոչ համարժեք ուժ էին կիրառել: Ուրբաթ գիշերը ակումբներից դուրս բերված հաճախորդները ոստիկանների հետ մի քանի լոկալ բախումներից հետո երթով շարժվեցին դեպի Վրաստանի խորհրդարանի շենքը` արգելափակելով քաղաքի կենտրոնական Ռուսթավելիի պողոտան:

Շաբաթ կեսօրին արդեն բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասավ 2 հազարի, սկսեցին քաղաքական կարգախոսներ հնչել: Ցույցի կազմակերպիչներից մեկը` Դաթո Գաբունիան, հանրահավաքի հարթակից դիմելով Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեին, հայտարարում էր․ - «Կախա, տես, քաղաքն այլևս քոնը չէ, այս քաղաքն ամբողջությամբ կաթվածահար է»:

Ցույցերի կազմակերպիչը 2014-ին ստեղծված «Թեթրի խմաուրի» («Սպիտակ աղմուկ») կազմակերպությունն է, որը հանդես է գալիս Վրաստանում թեթև թմրամիջոցների օրինականացման և թմրամիջոցների հանդեպ պետական քաղաքականության ազատականացման օգտին: Կազմակերպության անդամ Բեկա Ցիկարիշվիլիի համոզմամբ՝ Վրաստանի իշխանությունները նման գործողություններով փորձում են երկրում վախի մթնոլորտ հաստատել:

«Մեր համոզմամբ՝ տարիների շարունակ այս երկրի գլխավոր խնդիրը եղել է ոստիկանական պետության առկայությունն ու ոստիկանների անպատժելիությունը: Մայիսի 12-ի մղձավանջը այդ ոստիկանական պետության ևս մեկ դրսևորումն էր: Դա նաև հասարակության որոշակի խմբերին ահաբեկելու փորձ էր: Մեր համոզմամբ՝ տեղի ունեցածը ուժի ցուցադրություն էր, որ ուղեկցվեց մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմամբ», - նշում էր Ցիկարիշվիլին:

Կիրակի օրը բողոքի ակցիան Թբիլիսիի կենտրոնում շարունակվեց, դրա մասնակիցները պահանջում էին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականները:

Սրան ի պատասխան՝ ծայրահեղ ազգայնական կազմակերպությունների ներկայացուցիչները, մասնավորաբար՝ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի կողմնակիցները, նույնպես փողոց դուրս եկան՝ իրավապահներից պահանջելով ցրել երիտասարդության բողոքի ակցիայի մասնակիցներին: Ազգայնականների համոզմամբ, նարկոքաղաքականության ազատականացման պահանջով ցույցի անցկացումը Ռուսթավելիի պողոտայում`1989 թվականի ապրիլի 9-ի բախումների զոհերի հուշահամալիրի անմիջական հարևանությամբ, անարգանք է երկրի անկախության համար պայքարում զոհված մարդկանց հանդեպ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG