Մատչելիության հղումներ

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Գարեգին Չուգասզյանին, Արայիկ Խանդոյանին և Աշոտ Պետրոսյանին


Գարեգին Չուգասզյան, արխիվ
Գարեգին Չուգասզյան, արխիվ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանին ազատությունից զրկելու առաջին օրից սկսած իրականացվում են պարբերական այցեր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Ըստ հաղորդագրության, այցերի ընթացքում յուրաքանչյուր անգամ տեղի է ունենում առանձնազրույց Գարեգին Չուգասզյանի հետ, ստուգվում են պահման պայմանները, նրա առողջական վիճակն ու համապատասխան փաստաթղթերը` հաշվի առնելով հացադուլի մեջ գտնվելու հանգամանքը:

«Վերջին այցի ժամանակ՝ մայիսի 10-ին, Գարեգին Չուգասզյանի գիտակցությունը եղել է պարզ, սակայն զգացել է թուլություն: Հացադուլով պայմանավորված՝ նրա առողջական վիճակն այնպիսին է, որ պահանջում է առավել ինտենսիվ բժշկական հսկողություն: Դրանից բացի, հաշվի առնելով, որ Գարեգին Չուգասզյանի խցի պայմաններն ընդունելի չեն՝ ինչպես բանավոր, այնպես էլ համապատասխան գրությամբ բարձրացվել է նրա խուցն անմիջապես փոխելու հարց: Պաշտպանի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են նաև Գարեգին Չուգասզյանի փաստաբանի հետ», - ասված է հաղորդագրությունում:

ՄԻՊ գրասենյակը նաև տեղեկացնում է, որ քրեակատարողական հիմնարկ այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ նաև հացադուլի մեջ գտնվող Արայիկ Խանդոյանի և Աշոտ Պետրոսյանի հետ: Նրանց կողմից բարձրացված մի շարք խնդիրներ անմիջապես ստացել են դրական լուծում, այդ թվում՝ Պաշտպանի ներկայացուցիչների աջակցությամբ Աշոտ Պետրոսյանին հանձնուքի միջոցով փոխանցվել է հենակը:

«Հացադուլում գտնվող անձի նկատմամբ վերաբերմունքը պահանջում է բացառապես բժշկական մոտեցում՝ հատուկ սկզբունքներով: Այս տեսանկյունից չափազանց կարևոր է հացադուլ իրականացնող անձին մշտական բժշկական հսկողության ներքո պահելը: Հաշվի առնելով, որ հացադուլի մեջ գտնվող անձանց նկատմամբ բժշկական հսկողությունը պատշաճ մակարդակով ապահովված չի եղել՝ բարձրացվել է այդ կապակցությամբ անհապաղ քայլեր ձեռնարկելու հարցը», - ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ Չուգասզյանը ձերբակալվել է ապրիլի 24-ին՝ Երևանում։

Ըստ ոստիկանության հաղորդագրության, «57-ամյա Չուգասզյանը 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով, խափանման միջոցը՝ կալանք»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG