Մատչելիության հղումներ

Եվրամիությունը անհամբեր սպասում է Փաշինյանի և նրա կառավարության հետ աշխատանքին


ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի և հանձնակատար Յոհանես Հան, արխիվ
ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինի և հանձնակատար Յոհանես Հան, արխիվ

«Հայաստանյան խորհրդարանը Նիկոլ Փաշինյանին ընտրեց Հայաստանի նոր վարչապետ՝ Սահմանադրությանը համապատասխան», - այսօր հայտարարել են Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ/փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը:

Եվրամիությունը անհամբեր սպասում է Փաշինյանի և նրա կառավարության հետ աշխատանքին՝ անցած տարվա նոյեմբերին ստորագրված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ուղղությամբ, ասված է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների համատեղ հայտարարությունում: Մոգերինին և Հանը շեշտում են ժողովրդավարության, օրենքի իշխանության և մարդու իրավունքների հետագա ամրապնդման և բարգավաճ ու կենսունակ երկրի ստեղծման անհրաժեշտությունը՝ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների:

«Այս կարևոր նպատակներին հասնելու համար կենսական է մնում համընդգրկուն երկխոսությունը Հայաստանում քաղաքական բոլոր շահառուների միջև, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության», - ասված է հայտարարությունում, որը հրապարակված է Հայաստանում Եվրամիության պատվիրակության պաշտոնական կայքէջում:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին այսօր Ազգային ժողովը ընտրեց Հայաստանի վարչապետ՝ քվեների 59 կողմ, 42 դեմ հարաբերակցությամբ: Ավելի ուշ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Փաշինյանին վարչապետ նշանակելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG