Մատչելիության հղումներ

Փորձագետներ․ Հնարավորինս արագ պետք է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ


ՀՀ Ազգային ժողովի շենքը

Նրանց խոսքով՝ սա նաև «թավշյա հեղափոխության» տրամաբանական հանգուցալուծումը կլինի։

Սահմանադրագետներ Վարդան Այվազյանն ու Գևորգ Գյոզալյանը կարծում են, որ սահմանադրական ու քաղաքական ճգնաժամերից խուսափելու համար, վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հնարավորինս արագ պետք է բարելավի ընտրական օրենսդրությունն ու անցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Վարդան Այվազյան
Վարդան Այվազյան

«Ինչքան էլ ես համակրեմ Նիկոլ Փաշինյանին, «Ելք»-ին և այլն, ինչքան էլ ես ընտրեմ կամ չընտրեմ նրանց, այս պահի դրությամբ նրանց լեգիտիմությունը բացառապես էն ժողովուրդն են, որոնք տալիս են․․․ Բայց սա չի կարող երկար ժամանակի համար լինի: Սա պետք է ամրագրվի ընտրություններով: Եվ այս ժողովուրդը պետք է գնան ընտրեն: Որից հետո մենք կունենանք արդեն այդ լեգիտիմ իշխանությունը, հետևաբար նաև՝ ընդդիմություն և իշխանություն», - ասաց Այվազյանը:

Գևորգ Գյոզալյանը հավելեց․ - «Ցանկացած գործընթաց հիմա ոչ մեկը տրամաբանության շրջանակներում չի: Եվ ինչքան շուտ էս անտրամաբանական վիճակից դուրս գանք, այնքան ավելի լավ: Հիմա ինչ հարցադրում անենք, ամբողջը տրամաբանության տիրույթից դուրս են: Կառավարությունը չի կարող լինել փոքրամասնության [կառավարություն]: Դա շատ լավ գիտակցելով նաև՝ Նիկոլ Փաշինյանը միշտ շեշտում է, որ դա պետք է բացառապես ժամանակավոր բնույթ կրի: Կառավարությունը լինում է մեծամասնության կառավարություն»:

Ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանը նույնպես անխուսափելի է համարում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Սա նաև նրա հայտարարած հեղափոխության ծրագրային քարտեզի ամենակարևոր կետերից է։

Խնդիրն այս պահին ժամկետի մեջ է։ Առայժմ հստակ չէ, թե ինչ կառավարություն և ում հետ է Փաշինյանը պատրաստվում ձևավորել իր կաբինետը։ Անկախ նրանից, թե հանրապետականները կլինեն կառավարությունում, թե ոչ՝ սահմանադրագետների խոսքով, նրանք հավասարապես կիսելու են քաղաքական պատասխանատվությունը։

«Ուղղակի ասել՝ մենք պատասխանատվություն չենք կրում, ժողովուրդ ջան, դուք որոշեցին, դուք բերեցիք էս վարչապետին․․․ Ես կարծում եմ, որ եթե այս տրամաբանությամբ պետք է գնանք, ուրեմն պետք է փաստենք, որ այսօրվա դրությամբ հանրապետականները չունեն ժողովրդի մանդատը: Իսկ եթե նրանք չունեն ժողովրդի մանդատը, նրանք այնտեղ որևէ բան չունեն անելու», - նշեց Վարդան Այվազյանը:

Գևորգ Գյոզալյան
Գևորգ Գյոզալյան

«Ճգնաժամի պատասխանատուն հավասարապես պետք է լինեն ընտրված վարչապետը և խորհրդարանական մեծամասնությունը, հավասարապես պետք է կիսեն այդ պատասխանատվությունը: Դրա համար, երբ որ մենք սահմանադրական փակուղիներ ունենք, մեր հույսը մնում է արդեն քաղաքական գործիչների խոհեմությունը: Այսինքն՝ իրենց ներկուսակցական ու քաղաքական ամբիցիաներն ու շահերը ստորադասեն պետության շահին», - հավելեց Գևորգ Գյոզալյանը:

Կողմ քվեարկելն ու պատասխանատվություն կիսելը, սակայն, ըստ սահմանադրագետների, դեռ երաշխիք չէ, որ Հանրապետականները հետագայում չեն փոխի իրենց դիրքորոշումը։ Գևորգ Գյոզալյանը նկատում է, Հանրապետականները անգամ իրավական ճանապարհով կարող են անհարմարություններ ստեղծել Նիկոլ Փաշինյանի համար՝ եթե վերջինս ավելի երկար պաշտոնավարի որպես վարչապետ․ - «Սահմանադրությամբ Հանրապետականները ունեն բոլոր գործիքները, որովհետև հենց իրենց համար է գրվել․․․ Եվ սա մենք ասել ենք դեռ 2015 թվականին: Անուններ չեմ տա, բայց բոլորը քաջ գիտեն, թե Սահմանադրությունը ով է գրել և ում համար է գրել: Եվ նման դեպքեր նրանք, բնականաբար, չեն նախատեսել: Եվ հիմա եթե ես խոսեմ միայն Սահմանադրությունից, ապա մեխանիզմները նրանց ձեռքին, գործիքները շատ-շատ են․ հազար ու մի ձևի կարող են այնպես անել, որ չեզոքացնեն Նիկոլ Փաշինյանին»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար, ի դեպ, Սահմանադրությունը շատ քիչ հնարավորություն է նախատեսել։ Այն կարող է տեղի ունենալ, եթե, օրինակ, վաղը խորհրդարանը երկրորդ անգամ չընտրի վարչապետ։ Իսկ Փաշինյանի ընտրվելու դեպքում արդեն Ազգային ժողովը կարող է ազատ արձակվել՝ եթե խորհրդարանը հավանություն մոտ մեկ ամսից սպասվող Կառավարության ծրագրին ու երկու անգամ չընտրի նոր վարչապետ։

XS
SM
MD
LG