Մատչելիության հղումներ

Կարող եք արձանագրել, որ Հանրապետականը կսատարի Նիկոլ Փաշինյանին․ Վահրամ Բաղդասարյան


Ազգային ժողովի մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցությունը որոշել է սատարել խորհրդարանի մեկ երրորդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին: Խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, այս հայտարարությունը հնչեցնելուց հետո հարցազրույց է տվել «Ազատությանը»:

«Ազատություն»․ - Փաստորեն արդեն իսկ հստակ է, որ այդ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, որովհետև քիչ առաջ նաև Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ սատարում են Նիկոլ Փաշինյանին, իսկ նրանք՝ «Ելքը» և «Ծառուկյան» խմբակցությունը, միասին ունեն այդ 35 ձայները, որպեսզի առաջադրեն Նիկոլ Փաշինյանին: Կարո՞ղ ենք արդեն իսկ արձանագրել, որ Փաշինյանի առաջադրման դեպքում իշխող Հանրապետականը կսատարի նրա թեկնածությունը:

Բաղդասարյան․ - Բնականաբար կարող եք արձանագրել: Մենք որևէ տարբերակում կամ անուն չենք նշում: Այն թեկնածուն, որը կառաջադրվի պատգամավորների մեկ երրորդի ստորագրություններով, մենք կօժանդակենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենա վարչապետ:

Եվ ես խնդրում եմ նախորդ հայտարարությունը և այս հայտարարությունը տարբերեք: Այն ժամանակ մենք ասում էինք՝ չենք խոչընդոտի, այսինքն դա վերաբերում էր՝ նիստը կկայանա: Եվ մենք կայացրեցինք և մեզ համար շատ կարևոր էր այդ հանդիպումը:

Եթե նկատեցիք, առաջին անգամ էր, որ խմբակցության նիստը բաց էր լինում, ամբողջ լրատվամիջոցների ներկայությամբ, որպեսզի հանրությունը նույնպես իր կարծիքը ձևավորի ապագա վարչապետի, այդ ժամանակվա վարչապետի թեկնածուի հնարավորությունները գնահատի և մենք իմանանք ում ենք վստահում:

Մենք արդեն այսօր տեսանք, որ դրական է գնահատել նաև հանրությունը: Աստված տա՝ մենք սխալված լինենք մեր գնահատականի գնահատականի մեջ, որը մենք երեկ տվեցինք, և մենք, բնականաբար, հաշվի ենք նստում այդ իրավիճակի հետ և մենք օժանդակելու ենք, որպեսզի մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետությունը ունենա վարչապետ:

«Ազատություն»․ - Քանի որ արդեն հստակ ասում եք, որ նույնիսկ եթե լինի Նիկոլ Փաշինյանը, իսկ արդեն իսկ կա նաև Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, փաստորեն դուք կսատարեք Նիկոլ Փաշինյանին, տրամաբանական հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչո՞ւ երեկ, երբ ունեիք այդ հնարավորությունը նույն խմբակցությունների կողմից, ի վերջո այդ քննարկումներն ավարտվեցին և քվեարկելու ընթացքում դուք չունեի՞ք արդեն դիրքորոշումը:

Բաղդասարյան․ - Ես արդեն նորից պետք է կրկնվեմ: Մենք երեկ փորձեցինք բացատրել, փորձեցինք մեր հարցապնդումներով ամրապնդել, որ այն պարտականություններն ու պատասխանատվությունը, որը պետք է վերցնի ապագա վարչապետը, այդտեղ բավականին լուրջ դժվարություններ կան, որը կապված է մեր երկրի անվտանգության և մեր երկրի ճակատագրի հետ:

«Ազատություն»․ - Հիմա այդ մտահոգությունները Ձեզ մոտ շարունակվո՞մ են, փարատվե՞լ են:

Բաղդասարյան․ - Մենք իրար լավ չենք հասկանում: Մենք երեկ ամրապնդեցինք մեր կարծիքը, և մենք ասացինք, որ ունենք այդ մտավախությունը և կասկած ենք հայտնում, որ կարող է վարչապետի թեկնածուն այդ պարտականությունները լիարժեք կատարել: Նաև հանրությանը բաց քննարկման ժամանակ հնարավորություն տվեցինք, որ հանրությունը տա իր գնահատականը: Հանրությունը տվեց իր գնահատականը և ասաց, որ իրենք վստահում են վարչապետի թեկնածուին և մենք այսօր քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում, մնալով նույն կարծիքին, իրավիճակը փրկելու համար և բնականոն գործունեության գնալու համար, մենք հիմք չունենք չհավատալու, որ ինքը պատրաստ է: Իհարկե, մենք ունենք մեր կարծիքը, որը արտահայտեցինք: Իր պատասխանատվությունը այդտեղ քառապատկվում է:

Եվ բնականաբար, ինքը մեր հորդորը չընդունեց, և հիմա, իմ կարծիքով, և նաև Դուք եք պնդում, որ կլինի նույն թեկնածությունը: Այդ ժամանակ մենք այս իրավիճակը փրկելու համար, և այնպես չլինի, որ մենք պետք է խանգարենք մեր երկրի բնականոն գործընթացը, մենք պարզապես, նորից նույն մտավախությունները մեր մեջ պահելով, այդ անհանգստությունն ունենալով բայց ավելի բարձր գնահատելով մեր երկրի բնականոն գործընթացը և ժողովրդի հանգիստ իրենց աշխատանքին ուղարկելը, որովհետև այդ փողոցում մեր երեխաներն են, մեր ժողովուրդն է, մենք պետք է աշխատենք, որ նրանք գնան իրենց տները և զբաղվեն իրենց բնականոն գործունեությամբ:

«Ազատություն»․ - Ես հասկացա, որ Ձեր դիրքորոշումը չի փոխվել Նիկոլ Փաշինյանի հետ կապված, Ձեր մտահոգությունները մնում են, պարզապես հաշվի առնելով հանրության տեսակետն ու մոտեցումները, Դուք պատրաստ եք գնալ այդ քայլին, որպեսզի այս իրավիճակը հանգուցալուծվի, բայց միևնույն ժամանակ զգուշացնում եք, որ պատասխանատվությունը մնալու է հանրության և նաև այն խմբակցությունների վրա, ովքեր կառաջադրեն Փաշինյանի թեկնածությունը:

Բաղդասարյան․ - Նաև մենք ենք այդ հանրության ներկայացուցիչները և մենք պատասխանատվությունից և բացասական երևույթներից որևէ մեկ անգամ չենք խուսափում, բայց համենայնդեպս այդ պատասխանատվությունը կրողը քառակի անգամ պետք է մեծացնի իր զգոնությունը և պատասխանատվությունը:

«Ազատություն»․ - Սերժ Սարգսյանը այսօր ձեզ հետ հանդիպման ընթացքում նույն տեսակետնե՞րն էր նշում:

Բաղդասարյան․ - Դա խմբակցության տեսակետն է, պարզապես հայտարարության տեքստի հավանությունը տվեց նաև գործադիր մարմինը, այսինքն կուսակցությունը տվեց հավանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG