Մատչելիության հղումներ

Պարզ չէ, թե ով է մայիսի 8-ից հետո լինելու իշխանություն, ով՝ ընդդիմություն. Գևորգ Կոստանյան


Այս պահին խորհրդարանում փաստացի մեծամասնություն կազմող Հանրապետականում տեղյակ չեն ի՞նչ է լինելու մայիսի 8-ից հետո՝ ո՞ր ուժն է լինելու իշխանություն, ո՞րն՝ ընդդիմություն, երբ խորհրդարանական փոքրամասնության թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ:

Այս հարցի պատասխանը չունի անգամ Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովի նախագահ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը:

Սակայն, նրա փոխանցմամբ, իրավական առումով, տեսականորեն հնարավոր է, որ վարչապետի ընտրությունից հետո խորհրդարանում նոր դաշինքներ ստեղծվեն, որին միանան նաև որոշ հանրապետական պատգամավորներ: Այդ դեպքում արդեն նոր վարչապետը՝ տվյալ դեպքում Փաշինյանը, խորհրդարանում կունենա մեծամասնության աջակցությունը, իսկ Հանրապետականը կդառնա փոքրամասնություն։

Գևորգ Կոստանյան. - Գիտեք, հիմա որևէ կանխատեսում անել իրականում հնարավոր չէ, որովհետև իրավական կարգավորումները ստեղծված իրավիճակի պայմաններո՛ւմ կարող ես արձանագրել, թե քանի հոգի կլինի ընդդիմություն, քանի հոգի չի լինի ընդդիմություն, ինչ դաշինքներ կստեղծվեն՝ միջխմբակցային, կամ միջպատգամավորական։ Այսինքն՝ հիմա մի քիչ դժվար է հստակ ձևակերպում տալ, որովհետև յուրաքանչյուր փոփոխության պարագայում իրավական կարգավորումն այլ է, հետևաբար ես չեմ կարող Ձեր հարցին սպառիչ պատասխան տալ։

«Ազատություն». - Հանրապետականը կդառնա ընդդիմությո՞ւն, թե՞ քանի որ դե յուրե մեծամասնություն է, մնալու է որպես իշխանություն։

Գևորգ Կոստանյան. - Պառլամենտական երկրում իշխանությունը փոխվում է, եթե պառլամենտական մեծամասնությունն է փոխվում։ Եվ պատահական չէ, որ նախորդ անգամ էլ ասացի, որ ոչ միայն վարչապետն, այլև երկրի բոլոր պաշտոնյաներն էլ եթե հրաժարական տան, քանի կոնկրետ կուսակցությունն ունի մեծամասնություն պառլամենտում, իշխանությունը դեռևս իրենն է։ Հիմա փոփոխությունն այդ իշխանության կարող է լինել պառլամենտական խմբակցությունների փոփոխության դեպքում, այսինքն՝ ինչ-որ մեկը դուրս գա խմբակցությունից, կամ խմբակցությունները միմյանց միջև կոալիցիաներ կազմեն, որոնք հնարավոր տարբերակներ են։

«Ազատություն». - Հնարավո՞ր է Հանրապետական խմբակցությունից 10-15 պատգամավոր գնա, «Ելք»-ի, «Ծառուկյան»-ի, ՀՅ Դաշնակցության հետ կազմի մի նոր դաշինք, այդպիսով մեծամասնություն դառնա, և Հանրապետականը՝ փոքրամասնություն։

Գևորգ Կոստանյան. - Տեսականորեն, զուտ իրավական տեսանկյունից՝ այո՛, հնարավոր է։ Չեն կարող մտնել այլ խմբակցություն, բայց խմբակցությունից դուրս գալու իրավունք պատգամավորն ունի։

«Ազատություն». - Բայց այդ խմբակցությունները կարո՞ղ են դաշինք կազմել և որպես մեծամասնություն հանդես գալ։

Գևորգ Կոստանյան. - Այո՛, կարող են, իրավական կարգավորման շրջանակներում, իհարկե, հնարավոր է։

«Ազատություն». - Այս պարագայում քանի որ «Ելք»-ը կառավարությունում ունենալու է վարչապետ՝ իր առաջադրած թեկնածուն, նախարարներ, կարո՞ղ ենք ասել, որ «Ելք»-ը մայիսի 8-ից դադարելու է խորհրդարանում լինել ընդդիմություն՝ դե յուրե և դե ֆակտո։

Գևորգ Կոստանյան. - Դե ֆակտո՝ այո՛, բայց ես էլի եմ ասում՝ եթե «Ելք»-ը մնա նույն կազմով, դաշինքներ չկնքվեն և Հանրապետականը մնա մեծամասնություն, ոնց որ հիմա է, հետևաբար մենք կունենանք փոքրամասնության կառավարություն։ Բայց իշխանությունը ֆորմալ իրավական տեսակետից կլինի Հանրապետական կուսակցությանը։ Մենք կունենանք իշխանություն՝ Հանրապետական կուսակցության մեծամասնությամբ և կունենանք փոքրամասնության կառավարություն։

«Ազատություն». - Դուք չեք կարող, չէ՞, բացառել նման սցենար, որ երբ իրական իշխանությունը լինի Նիկոլ Փաշինյանի ձեռքում, նա լինի վարչապետ, ուժային կառույցներն իրեն ենթարկվեն, ապա շատ հնարավոր է, որ Հանրապետական խմբակցությունից բազմաթիվ պատգամավորներ իսկապես դաշինք կազմեն այդ նորաստեղծ միավորման հետ, և այսպիսով Հանրապետականը դառնա փոքրամասնություն խորհրդարանում։

Գևորգ Կոստանյան. - Քաղաքական տեսակետից, ինձ համար մի քիչ դժվար է կանխատեսում անել, որովհետև ես շատ սիրողական մակարդակի կարող եմ քաղաքական բնույթի հարցերին կամ կանխատեսումներին անդրադառնալ, ես միայն իրավական տեսակետից եմ հարցերին մոտեցել և մոտենում եմ, իրավական տեսակետից էլ ամեն ինչ էլ հնարավոր է։

Նշենք, որ առայժմ հստակ չէ նաև, թե ինչպես են տեղի ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի մասին խոսում է Նիկոլ Փաշինյանը: Ըստ Սահմանադրության, դա հնարավոր է, եթե խորհրդարանը երկու անգամ չի կարողանում վարչապետ ընտրել, ապա նաև չի հաստատում կառավարության ծրագիրը:

Առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո կառավարության ծրագիր կներկայացնի, թե՞՝ ոչ: Եթե վարչապետ ընտրվելուց հետո Փաշինյանը ներկայացնի կառավարության ծրագիր և դրան խորհրդարանը հավանություն տա, ապա արտահերթ ընտրություններն այս փուլում անհնարին կդառնան։

Ի դեպ, եթե փոքրամասնության կառավարությունը խորհրդարան բերի օրենքներ, որոնք պարբերաբար չհաստատվեն մեծամասնության կողմից և դրա արդյունքում կառավարության գործունեությունը անհնարին դառնա, ապա այս դեպքում կառավարությունը հրաժարական կտա, սակայն դա չի հանգեցնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս դեպքում խորհրդարանը կրկին պետք է ընտրի նոր վարչապետ։

«Ձեր նկարագրած նման սցենարի պայմաններում, կառավարությունը պետք է հերթական անգամ հրաժարական տա և մենք նորից պետք է ձեռնամուխ լինենք նոր վարչապետի ընտրության և նոր կառավարության ձևավորման», - ասաց Կոստանյանը։

Էդմոն Մարուքյան, արխիվ
Էդմոն Մարուքյան, արխիվ

Այն, որ մայիսի 8-ից հետո խորհրդարանում ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվելու, և պարզ չէ, թե ո՞վ է լինելու կայուն մեծամասնություն, ո՞վ՝ փոքրամասնություն, ընդգծում է նաև ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Մարուքյան. - Այսինքն, երբ որ երեք ուժեր նրան առաջադրել են, և չորրորդ ուժը, որ այս պահին ունի մեծամասնություն իր ինչ-որ թիվ ձայնով աջակցում է, որ երկիրն ունենա վարչապետ և ձևավորվում է կառավարություն, դա կոչվում է փոքրամասնության կառավարություն, որը գիտենք, որ ժամանակավոր բնույթ է կրելու, այսինքն՝ ունի իր առջև դրված խնդիրներ և այդ խնդիրները պետք է լուծի։

«Ազատություն». - Փոքրամասնության կառավարությունը կկարողանա՞ լուծել այդ խնդիրները։

Մարուքյան. - Ես վստահ եմ, որ կլուծի, այսինքն՝ առաջին խնդիրը՝ Ընտրական օրենսդրությունը նախապատրաստել արտահերթ ընտրություններին, և մինչև ընտրություններ կայունություն ապահովել և զարգացում։

«Ազատություն». - Եթե սա փոքրամասնության կառավարություն է, ինչպե՞ս է հաջողվելու Ընտրական օրենսգիրք ընդունել, մի շարք փոփոխություններ անել։

Մարուքյան. - Դա բանակցությունների արդյունք է. քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, անհնար բան չկա։ Բանակցությունների արդյունքում, ես կարծում եմ, որ հնարավոր է նաև հասնել սահմանադրական օրենքի փոփոխությունների, այլապես ճգնաժամը կշարունակվի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG