Մատչելիության հղումներ

ԿԳ նախարարությունը կոչ է անում վերականգնել բնականոն ուսումնական գործընթացը Շիրակի պետհամալսարանում


Շիրակի պետհամալսարանի շենքը Գյումրիում, արխիվ
Շիրակի պետհամալսարանի շենքը Գյումրիում, արխիվ

Կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական անձնակազմին և ուսանողներին ձեռնարկել բոլոր միջոցներն ուսումնական հաստատությունում բնականոն ուսումնական գործընթացը վերականգնելու համար:

Այսօր տարածած հաղորդագրությունում նախարարությունն ընդգծում է, որ «անթույլատրելի է բուհում ծագած աշխատանքային չկարգավորված հարաբերությունները տարածել նաև ուսանողների վրա, հատկապես նրանց համար այս պատասխանատու շրջանում, երբ առաջիկայում հերթական քննաշրջանն է, և նման դրսևորումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ ակադեմիական արդյունքների վրա»:

«Անդրադառնալով ամիսներ շարունակ Շիրակի պետական համալսարանում ձևավորված բարոյահոգեբանական մթնոլորտին` հարկ ենք համարում նշել, որ այդ խնդիրները բազմիցս քննարկվել են կրթության և գիտության նախարարության ներկայացուցիչների, մասնավորապես նախկին նախարար Լևոն Մկրտչյանի և ՇՊՀ կառավարման խորհրդի նախագահ Ֆելիքս Ցոլակյանի մասնակցությամբ, որոնց վերաբերյալ կատարվել է հանրային իրազեկում: Քննարկումների արդյունքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել աշխատանքային խնդիրները լուծել բացառապես իրավական ճանապարհով: Եթե առաջ են եկել նոր խնդիրներ ևս, ապա դրանց լուծման լավագայուն տարբերակը կառավարման խորհրդի արտահերթ նիստ հրավիրելն է` մտահոգիչ հարցերից բխող օրակարգով», - ասված է հաղորդագրությունում:

«Ինչ վերաբերում է շրջանառվող հայտարարություններին, թե ԿԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը երկուշաբթի ժամը 12-ին կլինի Գյումրիում, հարկ ենք համարում նշել, որ նման պայմանավորվածություն չի եղել: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը պատրաստ է մասնակցել ՇՊՀ կառավարման խորհրդի արտահերթ նիստին», - նշում է կրթության և գիտության նախարարությունը:

Հիշեցնենք, Շիրակի պետական համալսարանի մի խումբ ուսանողներ, աշխատանքից ազատված դասախոսներ ու քաղաքացիական ակտիվիստներ ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են անցկացնում՝ հանրապետական ռեկտորին մեղադրելով բուհի միջոցները վատնելու, կաշառակերության ու կոռուպցիայի մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG