Մատչելիության հղումներ

Շիրակի Պետհամալսարանում իրավիճակը շարունակում է լարված մնալ


Շիրակի Պետհամալսարանի շենքը Գյումրիում, արխիվ
Շիրակի Պետհամալսարանի շենքը Գյումրիում, արխիվ

Շիրակի Պետական համալսարանի հոգաբարձուների և կառավարման խորհուրդների համատեղ նիստը շաբաթ օրը կայացավ փակ դռների հետևում: Բացի այդ, նաև հսկողությունն էր ուժեղացվել՝ բուհի թե՛ ներսում, թե՛ դրսում ոստիկաններ էին: Բուհի երկու դասախոսների աշխատանքից ազատման դեմ պայքարող ուսանողները ցանկանում էին մասնակցել նիստին, սակայն նրանց՝ շենք մուտք գործելու փորձերը հաջողության չհասան։

Միայն ուժեղ քամին պատճառ դարձավ, որ ուսանողներին նիստից մոտ մեկ ժամ անց ներս թողեցին։ Նիստի ավարտից հետո ուսանողների ու լրագրողների հետ հանդիպեցին կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ու բուհի կառավարման խորհրդի նախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը: Նախ լսեցին ուսանողներին, ովքեր հստակ պատասխանի էին սպասում, թե ինչպես է լուծվելու իրենց դասախոսների աշխատանքից ազատման հարցը:

«Էս խնդիրը երեկ չէ առաջին օրը չի առաջ եկել, էս խնդիրը կա սեպտեմբերից սկսած, ու ձեր լռության պայմաններում էս խնդիրը․․․ Էստեղ նստած են մեր բուհի լավագույն ուսանողները, և էդ մարդիկ հստակ լուծում են պահանջում ձեզնից: Ու ստացվել է էս իրավիճակը հենց նաև այն պատճառով, որ դուք լռել եք ամիսներ շարունակ: Հիմա խոսեք, մենք տեսնենք, թե ինչպիսի՞ լուծում եք առաջարկում ուսանողներին, ու ո՞ր լուծման պայմաններում ուսանողները գոհ կլինեն», - ասաց ուսանողների ներկայացուցիչը:

«Եթե կատարված է խախտում, և այդ խախտումը աշխատանքային օրենսդրության խախտում է, հրաման է հրապարակված ռեկտորի կողմից, դրա ճանապարհը դատական կարգով լուծելն է: Գնացեք դասի, հետևեք դրան: Դժգո՞հ կլինեք, կգա ընտրությունների ժամանակ՝ կդնե՞ն էդ դասախոսները, չե՞ն ընտրվի, անհաջողությո՞ւն կլինի, խախտո՞ւմ կլինի՝ խնդրեմ, միշտ ձեր դաշտի մեջ է: Էդ ժամանակ ուսխորհրդի մնացած անդամներն էլ, վստահաբար, ձեզ կպաշտպանեն», - ասաց կրթության և գիտության նախարարը:

Հիշեցնենք՝ ուսումնական տարվա սկզբից համալսարանի երկու դասախոսները բուհի ռեկտոր Սահակ Մինասյանին մեղադրում են կոռուպցիայի և բուհի գումարները փոշիացնելու մեջ։ Վերջերս երկուսն էլ աշխատանքից ազատվել են իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու հիմնավորմամբ։ Ու թեև դատախազությունը ստուգումներ էր սկսել բուհում, սակայն արդյունքները հանրությանը դեռ չեն ներկայացվել։

Արդյոք կառավարման խորհուրդն իրավասու չէ՞ չեղարկելու բուհի ռեկտորի՝ դասախոսների աշխատանքից ազատման հրամանը: «Խորհուրդը իրավունք չունի հրամանը բեկանելու, կա՛մ հրամանը ստորագրողը պետք է բեկանի, կա՛մ պետք է գնա Աշխատանքային օրենսգրքով», - հարցին պատասխանեց Լևոն Մկրտչյանը:

Հանդիպմանը ուսանողների մի մասը փորձում էր հակադարձել բողոքող ուսանողներին՝ բերելով հակափաստարկներ: Մի՞թե հնարավոր չէր խնդրին ավելի շուտ լուծում տալ: Ֆելիքս Ցոլակյանն ասաց՝ իհարկե հնարավոր էր: «Ամեն հարցի հնարավոր է լուծում տալ: Ես ճանապարհները չեմ կարող ասել, ճանապարհները շատ են, բազմաթիվ: Մենք կփորձենք էդ բոլոր հարցերին լուծում տալ ինչ-որ ձևով: Ինչի՞ մասին է խոսքը: Չեմ կարող ասել, ի՞նչ եք ուզում, չեմ կարող մանրամասնել, հասկացա՞ք», - հայտարարեց նա:

Ո՞վ է, ի վերջո, մեղավոր բուհում ստեղծված այս իրավիճակի համար: «Մեղավոր են, բոլորն են մեղավոր, տո ես էլ եմ մեղավոր էս ամեն ինչի համար, ես վերցնում եմ դա իմ վրա: Եվ մեղավոր են բոլորը, բոլորը՝ սկսած ուսանողից, վերջացրած ամենաբարձր դասախոսով: Մեղավոր են, որովհետև ժամանակին կարող էին ամեն մեկը մի քայլ անել, ամեն մեկը մի խրատական բան ասել, կամ խորհուրդ տալ, կամ բան անել, որ կարգավորվեր էս հարցը, չէր հասցնի էս օրվան: Հիմա մենք ելք ենք ման գալիս, <…> մենք ուզում ենք հարցերին լուծում տալ, ցանկություն ունենք, հասկանո՞ւմ եք, թե՞ չէ», - ասաց Ցոլակյանը:

Լևոն Մկրտչյանը հորդորեց ուսանողներին դադարեցնել դասադուլը, հետևել դատական գործընթացին:

Ֆելիքս Ցոլակյանն էլ խոստացավ․ - «Երբ որ դատարանը որոշում կկայացնի, որ սխալ է եղել, էդ ժամանակ հարցը կդնեք ռեկտորին պատժելու, և մենք հաճույքով կանենք էդ բանը»:

Նախարարն առաջիկայում առանձին կհանդիպի ուսանողների հետ: Իսկ այսօրվա հանդիպման ավարտին՝ աշխատանքից ազատված Հովհաննես Խորիկյանը եկավ Լևոն Մկրտչյանի ու Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպման։

XS
SM
MD
LG