Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։

«Քիչ առաջ ես հանդիպում ունեցա Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, և նա վերահաստատեց, որ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը ժողովրդի թեկնածուին կաջակցի վարչապետ ընտրվելու հարցում։ Անձնական հանդիպման ընթացքում այդ դիրքորոշման վերահաստատումը կարևոր եմ համարում», - Ֆեյսբուքում հրապարակված տեսաուղերձում ասում է Փաշինյանը։

Նա նաև նշում է, որ անհրաժեշտ թվով ստորագրություններն արդեն հավաքված են վարչապետի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։

«Այս պահին աշխատակազմում իրականացվում են անհրաժեշտ ձևակերպումները, և իմ առաջադրումը փաստացի կարող ենք կայացած փաստ համարել։ Ամսի 8-ին, ժամը 12-ին Ազգային ժողովում տեղի են ունենալու վարչապետի ընտրություններ, և ես հույս ունեմ, որ դուք հրապարակում նորից կհավաքվեք ժամը 11։00-ից և կհետևեք ընտրությունների ընթացքին, որից հետո նորից կհանդիպենք Հանրապետության հրապարակում», - ասաց Փաշինյանը՝ հավելելով. - «Շարունակում ենք կապի մեջ լինել, որովհետև քաղաքական իրավիճակի որևէ փոփոխության մենք պետք է շատ արագ արձագանքենք»։

Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, այսինքն՝ 35 պատգամավորների առաջադրած վարչապետի թեկնածուները:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի երեկվա հայտարարություններից հետևում է, որ ժողովրդական շարժումը գլխավորող Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի մայիսի 8-ի հատուկ նիստում կընտրվի Հայաստանի վարչապետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG