Մատչելիության հղումներ

ՊԵԿ-ը հորդորում է չխոչընդոտել սահմանին բեռնատարների ելումուտը՝ պարենային անվտանգության նկատառումներով


Ցուցարարները փակել են Երևան-Վանաձոր ավտոմայրուղին, ապրիլ, 2018թ․
Ցուցարարները փակել են Երևան-Վանաձոր ավտոմայրուղին, ապրիլ, 2018թ․

Պետական եկամուտների կոմիտեին (ՊԵԿ) անհանգստացնում է այն իրավիճակը, որ երկիր մտնող բեռնատար՝ հատկապես սննդամթերքով բեռնված մեքենաներն արգելքի առաջ են կանգնում՝ ճանապարհները փակելու քաղաքական ակցիայով պայմանավորված:ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ «արձանագրվում են նաև դեպքեր, երբ որոշ բեռնատարներ հետ են դառնում ճանապարհից՝ այդպես էլ չմտնելով Հայաստանի Հանրապետության տարածք»:

«Այս ամենը մտահոգիչ է այնքանով, որ ստեղծված իրադրությունը խոչընդոտներ է առաջացնում բեռնատարների մուտքի և դրանց մաքսային սպասարկման գործընթացների համար, ինչը կարող է լուրջ հարված հասցնել երկրի պարենային անվտանգությանը: Մաքսային ծառայությունը հորդորում է ակցիայի բոլոր մասնակիցներին հաշվի առնել մտահոգիչ փաստերը և բոլորիս պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով՝ չխոչընդոտել ՀՀ սահմանին բեռնատարների ելումուտն ու մաքսային սպասարկումը», - ասված է հաղորդագրությունում:

Մեկ այլ հաղորդագրությունում ՊԵԿ-ընշում է, որ «սահմանային անցակետերը, որպես մաքսային հսկողության գոտիներ, շարունակում են իրականացնել օրենսդրությամբ իրենց վերապահված գործառույթները, որոնց իրագործումը, սակայն, էապես դժվարացել է անցակետերին հարող ճանապարհների փակ կամ դժվարանցանելի լինելու փաստով պայմանավորված»: «Հետևաբար, մաքսային ընթացակարգերի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով, ընդառաջ գնալով բիզնեսի առաջարկին, ՊԵԿ նախագահի հրամանով այսօրվանից մաքսային ծառայությունն անցնում է 24-ժամյա սպասարկման աշխատանքային ռեժիմի, որի դիմաց, ի դեպ, կոմիտեի նախագահի հրամանով բիզնեսից օրենքով սահմանված լրացուցիչ մաքսային վճարներ չեն գանձվելու», - տեղեկացնում էՊԵԿ-ը:

Հաղորդագրություն է տարածել նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը՝ հորդորելով «ձեռնպահ մնալ ավտոճանապարհներին արհեստական խոչընդոտներ ստեղծելուց»:

«Այսօր առավոտից փակվել են Հայաստանի մի շարք ավտոճանապարհներ: Այս ամենի հետևանքով անհնարին է դարձել որոշ երթուղիներով կանոնավոր ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների կազմակերպումը: Դրանից բացի, երբեմն գրեթե անհաղթահարելի խոչընդոտների հետևանքով քաղաքացիները չեն կարողանում ժամանակին հասնել «Զվարթնոց» օդանավակայան և ուշանում են նախատեսված չվերթներից: Ստեղծված իրավիճակն ունի բացասական հետևանքներ ինչպես անհատապես քաղաքացիների, այնպես էլ երկրի տնտեսության մի շարք ճյուղերի բնականոն գործունեության համար», - ասված է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաղորդագրությունում:

Հիշեցնենք, քաղաքացիական անհնազանդության ակցիաները այսօր առավոտից վերսկսվել են Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կոչով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG