Մատչելիության հղումներ

Բացվել է Երևան-Լիոն կանոնավոր ուղիղ չվերթ


Օդանավ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ
Օդանավ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, արխիվ

Ապրիլի 19-ից պաշտոնապես գործարկվել է Երևան-Լիոն-Երևան կանոնավոր ուղիղ չվերթը: Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում առաջին ուղևորներին հանդիսավորությամբ դիմավորել են Երևանի քաղաքապետարանի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի առաջին խորհրդական Կլեր Լը Ֆլեշերը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ Գևորգյանը ընդգծել է երկու քաղաքաների միջև ձևավորված բարեկամական և գործընկերային կապերը, նշել, որ այս տարի լրանում է Երևանի և Լիոնի համագործակցության 26 տարին, իսկ այս չվերթները կնպաստեն երկկողմ կապերի խորացմանը:

«Մարտին Լիոնի քաղաքապետի Երևան այցի ժամանակ երկու քաղաքապետերը, կարևորելով երկուստեք կապերի է՛լ ավելի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը, ստորագրեցին համագործակցության հուշագիր: Լիոնը մեզ համար կարևոր գործընկեր է, և նոր չվերթի գործարկումը մեծ հնարավորություն է ընձեռելու համագործակցության և մասնավորապես զբոսաշրջության զարգացման առումով», - նշել է քաղաքապետարանի պաշտոնյան:

«Չվերթի բացումը, անշուշտ, ավելի կսերտացնի Հայաստան-Ֆրանսիա կապերը, հատկապես հաշվի առնելով, որ 2018 թվականը իրադարձային է Երևանի համար: Հայաստանի մայրաքաղաքում կանցկացվի համաշխարհային հնչեղություն ունեցող Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը», - իր հերթին, հայտարարել է Կլեր Լը Ֆլեշերը:

Ուղևորափոխադրումն իրականացնելու է «Արմենիա» ավիաընկերությունը: Չվերթները կլինեն շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և հինգշաբթի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG