Մատչելիության հղումներ

Երևանի և Լիոնի քաղաքապետերը համագործակցության հուշագիր են ստորագրել


Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված պաշտոնական արարողության ժամանակ Երևան և Լիոն քաղաքների միջև ստորագրվել է հուշագիր, որով նախանշվել են այն հիմնական գերակա ուղղությունները, որոնցով կխորացվի երկու քաղաքների համագործակցությունը: Փաստաթուղթը ստորագրել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը:

Հուշագրի ստորագրման արարողությունից հետո Երևանի և Լիոնի քաղաքապետերը հանդես են եկել ելույթներով:

Առանձնակի կարևորելով երկուստեք կապերի էլ ավելի ամրապնդումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ անցած ավելի քան երկու տասնամյակները թե՛ ապակենտրոնացված համագործակցության, թե՛ տնտեսական, մշակութային, կրթական և թե՛ այլ բնագավառներում նշանավորվել են հայ-ֆրանսիական հարաբերությունների վերընթաց զարգացմամբ:

Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանն իր հերթին, մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գնահատանքի համար, համոզմունք է հայտնել, որ ստորագրված նոր հուշագրով նոր էջ կբացվի երկու քաղաքների համագործակցության մեջ, ապահովելով զարգացման նոր ուղղություններ՝ ի շահ Երևան և Լիոն քաղաքների բնակիչների:

Պաշտոնական արարողության ժամանակ Երևանի և Լիոնի միջև բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Այնուհետ Երևանի և Լիոնի քաղաքապետերը պատասխանել են նաև լրագրողների հարցերին: Տարոն Մարգարյանն ու Ժորժ Կեպենեկյանը համոզմունք են հայտնել, որ ստորագրված հուշագրով էլ ավելի կամրապնդվի երկու քաղաքների ու ժողովուրդների միջև առկա բարեկամությունը և կողմերը կկարողանան կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG