Մատչելիության հղումներ

Հրանտ Մարգարյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ


Հրանտ Մարգարյան, արխիվ
Հրանտ Մարգարյան, արխիվ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր հանդիպում է ունեցել ձերբակալության մեջ գտնվող Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ, տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։

«Այս հանդիպումը հույս է ներշնչում, որ հետագա երկխոսությունը կարող է կայանալ», - ասված է հաղորդագրությունում:

ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը նշում է, որ Դաշնակցությունն անցած օրերի ընթացքում երկխոսության հարթակ ձևավորելու ուղղությամբ ծավալուն աշխատանքներ է իրականացրել զանազան կողմերի և անձերի հետ, որպեսզի հնարավոր լինի լուծում գտնել երկրի և ժողովրդի առջև կանգնած այս թնջուկի լուծման շուրջ:

«Դաշնակցությունը համաձայն չէ ձերբակալությունների հետ, նաև դեմ է, երբ վերջնագրեր են ներկայացվում: Անհրաժեշտ է առիթ ստեղծել, որ այդ երկխոսությունը տեղի ունենա, լուծումը գտնվի ու երկիրը չենթարկվի ցնցումների», - ասված է հաղորդագրությունում:

Հրանտ Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ:

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեցընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:

Պատգամավորին կալանավորելու համար պահանջվում է Ազգային ժողովի որոշումը նրան անձեռնմխելիությունից զրկելու մասին:

Հատուկ քննչական ծառայությունը երեկ Ազգային ժողովի նախագահին տեղեկացրել է պատգամավորների ձերբակալման մասին, ինչից հետո՝ գիշերը, խորհրդարանի խոսնակ Արա Բաբլոյանը հանդիպել է Փաշինյանի, Միքայելյանի և Միրզոյանի հետ:

Այսօր նախագահական նստավայրում խորհրդակցություն է եղել Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի, նախագահ Արմեն Սարգսյանի, առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի և Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի մասնակցությամբ։

Խորհրդակցությունից հետո Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ համաձայն կայացված որոշման՝ ինքը դիմելու է գլխավոր դատախազին, որպեսզի Ազգային ժողովից հետ վերցվի երեք պատգամավորների վերաբերյալ միջնորդությունը։ Առաջին փոխվարչապետը հայտնեց նաև, որ գնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG