Մատչելիության հղումներ

Հանրապետության հրապարակում մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը


Չնայած Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների առաջնորդների մեծ մասը ձերբակալվել կամ բերման են ենթարկվել, Երևանի Հանրապետության հրապարակում տասնյակ հազարավոր ցուցարարներ են հավաքվել, քիչ առաջ մեկնարկեց հանրահավաքը:

Հանրահավաքի մեկնարկին ելույթ ունեցավ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Լենա Նազարյանը, ով կոչ արեց «շարունակել ապակենտրոն երթերը», «հետևել Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջին», «ոչ մի դեպքում չգնալ բախման»:

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ, նախկին նախագահ Սերժ Սարգսյանի և նրա հրաժարականը պահանջող ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այն տևեց մի քանի րոպե, բանակցությունները տապալվեցին:

Հանդիպումից հետո Փաշինյանը իր կողմնակիցներին կոչ արեց կրկնակի թափով շարունակել քաղաքացիական անհնազանդության գործողությունները՝ հայտարարելով, որ ժամը 19:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում կանցկացնեն հերթական հանրահավաքը: Հանդիպումից հետո ցուցարարները Հանրապետության հրապարակից երթ սկսեցին դեպի Էրեբունի վարչական շրջան: Արցախի փողոցի վրա ոստիկանությունը տարածքից հեռացրեց Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին, ինչից հետո հատուկ միջոցների գործադրմամբ փորձեց ցրել ցույցը՝ բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների: Ժամեր անց հաղորդվեց ընդդիմադիր երեք պատգամավորների ձերբակալության մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG