Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել բոյկոտել Ռուսաստանում ամռանը անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
Բրյուսելից «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակը հաղորդում է, որ 46 պատգամավորների կողմից ստորագրված նամակը ապրիլի 18-ին ուղարկվել է Եվրամիության անդամ բոլոր 28 երկրների կառավարություններին:
Նամակում պատգամավորները գրել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ծաղրում է եվրոպական արժեքները, ինչի վերջին օրինակը Բրիտանիայում ռուսաստանցի նախկին հետախույզի թունավորումն է: Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու համար նրանք Ռուսաստանին վերագրվող գործողությունների մի ամբողջ շարք են թվարկել՝ Սիրիայում թիրախների միջև տարբերություն չդնելով դպրոցների, հիվանդանոցների և քաղաքացիական վայրերի ռմբահարում, ռազմական ներխուժում Ուկրաինա, հաքերային սիստեմատիկ հարձակումներ, ապատեղեկատվության արշավ, միջամտություն ընտրություններին, Եվրամիությունը թուլացնելու և պառակտելու փորձեր:
«Չնայած մենք համաձայն ենք, որ սպորտը կարող է ոչ-նյութական կամուրջներ ստեղծել, բայց քանի դեռ Պուտինը Սիրիայում իսկական կամուրջներ է պայթեցնում, մենք չենք կարող ընդունել, որ Ռուսաստանը արժանի է հյուրընկալելու աշխարհի գավաթի առաջնությունը», - Եվրամիության երկրների կառավարություններին գրել են Եվրախորհրդարանի պատգամավորները՝ հորդորելով բոյկոտել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:
«2014 թվականի Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերից երեք օր անց Պուտինը ներխուժեց Ուկրաինա, և աշխարհը տագնապով հետևում էր այդ իրադարձություններին», - հիշեցրել են պատգամավորները՝ կոչ անելով այս անգամ ճիշտ քայլ կատարել:
Եվրամիության պաշտոնյաները, որոնք չեն ցանկացել իրենց անունները հրապարակել, «Ազատության» թղթակցին ասել են, որ առաջիկա շաբաթների ընթացքում հնարավոր է հայտարարվի ֆուտբոլի աշխարհի առաջնության դիվանագիտական համակարգված բոյկոտի մասին:
Հիշեցնենք, ռուսաստանցի նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից հետ Մեծ Բրիտանիան, Իռլանդիան և Իսլանդիան հայտարարել են, որ իրենց երկրներից պաշտոնական պատվիրակություններ Ռուսաստան չեն մեկնելու: