Մատչելիության հղումներ

Մեծ Բրիտանիան արտաքսում է Լոնդոնում հավատարմագրված 23 ռուսաստանցի դիվանագետների

update

Ռազմական հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումից ուղիղ 10 օր անց պաշտոնական Լոնդոնը հայտարարում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այդ մասին հայտարարեց մի քանի ժամ առաջ բրիտանական խորհրդարանում հնչեցրած ելույթում` հատուկ ընգդծելով, որ այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստի մասնակիցները հանգել են եզրակացության, որ Սկրիպալների թունավորման գործում Ռուսաստանի պետական մարմինների ներգրավվածության հավանականությունը «շատ մեծ է»:

«Վիենայի կոնվենցիայի համաձայն, Միացյալ Թագավարությունը արտաքսելու է 23 ռուսաստանցի դիվանագետների, որոնք մեր կողմից բացահայտվել են որպես հատուկ ծառայությունների ծպտյալ աշխատակիցներ: Նրանց մեկ շաբաթ ժամանակ է տրվում: Այս քայլով մենք առաջիկա տարիներին լրջորեն կնվազեցնենք ռուսաստանյան հետախուզության կարողությունները մեր երկրի տարածքում: Եթե նրանք փորձեն վերականգնել այդ ցանցը, մենք կանխարգելիչ միջոցների կդիմենք», - հայտարարել Թերեզա Մեյը:

Թերեզա Մեյը նաև նշել է, որ բրիտանական կառավարությանը մաս կազմող նախարարներից և թագավորական ընտանիքի անդամներից որևէ մեկը չի մասնակցի ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական միջոցառումներին:

Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև հայտարարել է, որ իր ղեկավարած նախարարների կաբինետը հանդես կգա օրենսդրական նոր նախաձեռնություններով, որոնք հնարավորություն կտան ավելի արդյունավետ պայքար ծավալել Ռուսաստանի հատուկ ծառայությունների դեմ և կընդլայնեն հակահետախուզական մարմիններին տրվող լիազորությունները:

«Լոնդոնը նաև կփորձի սառեցնել Ռուսաստանի Դաշնությանը պատկանող այն ֆինանսական միջոցները, որոնք կարող են օգտագործվել բրիտանացիների դեմ», - հայտարարել է Թերեզա Մեյը:

Բրիտանական կառավարության ղեկավարը հատուկ ընդգծել է, որ Ռուսաստանը միջազգային կոնվենցիաներով արգելված քիմիական զենք է կիրառել օտար երկրի տարածքում` վտանգելով հազարավոր մարդկանց առողջությունը:

Ռուսաստանի հետ հարաբերություններում ծագած խոր ճգնաժամի թեման Մեծ Բրիտանիայի վարչապետը պատրաստվում է քննարկել նաև Եվրամիության անդամ պետությունների ղեկավարների հետ:

«Ըստ ամենայնի, Մոսկվայի կողմից կազմակերպված այս հարձակման ֆոնին ես ցանկանում եմ իմ լիակատար համերաշխությունը հայտնել վարչապետ Թերեզա Մեյին: Ես պատրաստ եմ այս հարցն ընդգրկել Եվրամիության` հաջորդ շաբաթ կայանալիք գագաթաժողովի օրակարագում», - այսօր Հելսինկի կատարած այցի շրջանակներում հայտարարել է Եվրամիության խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:

Ինչպես և կարելի էր ակնկալել, պաշտոնական Մոսկվան կտրականապես հերքում է բոլոր մեղադրանքները` պնդելով, որ բրիտանական կողմը պաշտոնական դիմումով Մոսկվային չի դիմել, նաև չի ներկայացրել այն նյութի նմուշները, որոնցով թունավորվել են Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նաև նշել է, որ Սկրիպալի թունավորումը ռուսական կողմին ձեռնտու չէր:

«Երեկ թե՛ մեր, թե՛ արևմտյան լրատվամիջոցներում բազմաթիվ փաստարկներ են ներկայացվել, թե ինչու Մոսկվան որևէ պատճառ չուներ, որ կարող էր նրան դրդել նման քայլի: Նման դրդապատճառներ կարող էին ունենալ և հաստատ ունեն այն ուժերը, որոնք ցանկանում են շարունակել ռուսատյացության քաղաքականությունը մարդկային կենսագործունեության բոլոր ոլորտներում», - հայտարարել է Լավրովը:

Մոսկվայի և Լոնդոնի հարաբերություններում նկատվող աննախադեպ թեժացման ֆոնին Մեծ Բրիտանիայի տարածքում օրերս տեղի ունեցած մեկ այլ առեղծվածային միջադեպը կարող է վերջնականապես խաթարել երկու երկրների հարաբերությունները:

Երեքշաբթի օրը հայտնի դարձավ Լոնդոնում բնակվող ամենահայտնի ռուսաստանցի վտարանդիներից մեկի` 69-ամյա Նիկոլայ Գլուշկովի մահվան մասին: Նախնական տեղեկություններով, Գլուշկովի մարմինը, խեղդամահության հետքերով, հայտնաբերվել էր բրիտանական մայրաքաղաքի հարավում գտնվող իր տանը:

Գլուշկովը 2013-ին մահացած ռուսաստանցի օլիգարխ Բորիս Բերեզովսկու մերձավորագույն թիմակիցներից մեկն էր: 90-ականներին նա առանցքային պաշտոններ է զբաղեցրել Բերեզովսկուն պատկանող ЛогоВаз և Аэрофлот ընկերություններում: 2000 թվականին Аэрофлот-ում կատարված չարաշահումների գործով Գլուշկովը ձերբակալվեց և գրեթե չորս տարի անցկացրեց ռուսական բանտում: Կալանավայրից ազատվելուց հետո Գլուշկովը մեկնեց Լոնդոն՝ այնտեղ մշտական բնակություն հաստատելով:

Գլուշկովի մերձավորնրը նրա մահը կասկածելի են անվանում, իսկ բրիտանական իշխանությունները երեքշաբթի օրը հայտարարեցին, որ նրա մահվան հանգամանքների հետաքննությունը հանձնվել է Լոնդոնի ոստիկանության հակահաբեկչական վարչությանը:

Reuters-ի տեղեկություններով, սակայն, բրիտանացի ոստիկանները հակված չեն Գլուշկովի անսպասելի մահվան և հետախուզության պաշտոնաթող գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման միջև ուղղակի կապ տեսնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG