Մատչելիության հղումներ

Նախագահը ստորագրեց Եվրամիություն-Հայաստան համաձայնագիրը վավերացնելու օրենքը


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, Երևան, 9-ը ապրիլի, 2018թ․
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան, Երևան, 9-ը ապրիլի, 2018թ․

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը: Այս մասին այսօր հաղորդում է Հայաստանի նախագահի գրասենյակը:

Հիշեցնենք, Եվրամիության և Հայաստանի միջև 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը Ազգային ժողովը միաձայն վավերացրել է այս տարվա ապրիլի 11-ին:

Լիարժեք ուժի մեջ մտնելու համար փաստաթուղթը պետք է վավերացնեն Եվրոպական բոլոր երկրները, ինչպես նաև Եվրամիության խորհրդարանը: Թե երբ կավարտվի այդ գործընթացը, հստակ ժամկետներ չեն նշվում, սակայն համաձայնագիրը մասնակի կսկսի գործել հունիսի 1-ից:

Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ երեկ տարածած հայտարարությունում անդրադառնալով նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Եվրամիությունը վստահություն է հայտնել, որ Հայաստանի կողմից նոր ջանքեր կգործադրվեն «բարեփոխումների ընդգրկուն գործընթացի իրականացման՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության ներառյալ դատաիրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ», և պատրաստակամություն է հայտնել «շարունակել համագործակցությունը պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ աջակցելու Հայաստանի կողմից ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների իրականացմանը ի շահ քաղաքացիների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG