Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» ԲԿ-ում համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո վերադարձավ Բաղրամյան պողոտա։ Նրան պողոտայում դիմավորեցին «Ելք» դաշինքի մաս կազմող «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն ու «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Փաշինյանը նախ բարի ծառայություն մաղթեց ոստիկաններին և հայտարարեց, որ հանրահավաքը տեղափոխում է Բաղրամյան պողոտա։

Հիշեցնենք, որ «Լուսավոր Հայաստան»-ն ու «Հանրապետություն» կուսակցությունն անհամաձայնություն էին հայտնել Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամկետի երկարաձգման դեմ Նիկոլ Փաշինյանի ճանապարհային քարտեզին։ Էդմոն Մարությանը մասնավորապես հայտարարել էր, որ Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարի հնարավորությունը հանրությունը բաց է թողել անցած տարվա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ պայքարող Փաշինյանը թեև հանրահավաքի առաջին օրը ընդդիմադիրներին միավորվելու կոչ արեց և մասնավորապես անվանական դիմեց «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններին, սակայն և՛ Էդմոն Մարուքյանը, և՛ Արամ Սարգսյանը զերծ էին մնում արձագանքելուց:

Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ բողոքի ակցիաներ նախաձեռնած ցուցարարները ապրիլի 13-ից փակել են Երևանի Ֆրանսիայի հրապարակը: Ապրիլի 16-ի վաղ առավոտից ցուցարարները արգելափակեցին երթևեկությունը քաղաքի մի շարք այլ բանուկ փողոցներում՝ տեղադրելով նստարաններ, աղբամաններ:

Այսօր ավելի վաղ Ազգային ժողովի շենքի մատույցներում տեղի էր ունեցել ընդհարում՝ցուցարարների և ոստիկանների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG