Մատչելիության հղումներ

Իշխող Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի իշխանավարման երկարաձգման դեմ պայքարող ցուցարարներին առաջնորդող Նիկոլ Փաշինյանը գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Փաշինյանի կինը: Աննա Հակոբյանի խոսքով, ընդդիմադիր գործչի դեմքին և ձեռքերին վնասվածքներ կան, սակայն Փաշինյանը տեղեկացրել է, որ պատրաստվում է առաջին բուժօգնություն ստանալուց հետո վերադառնալ ցուցարարների մոտ:

«Նաիրի» բժշկական կենտրոնում «Ազատության» փոխանցեցին, որ Փաշինյանը վնասվածքներ է ստացել փշալարերից, նրա ձեռքերին խորը կտրվածքներ կան:

«Նաիրի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին նաև տեղեկացրեցին, որ Բաղրամյան պողոտայից հիվանդանոց է տեղափոխվել ևս երեք ոստիկան, նրանցից մեկի վիճակը ծանր է և նրան տեղափոխում են վերակենդանացման բաժանմունքում։ «Նրա վիճակն ավելի ծանր է, քան մնացած երկուսի։ Մանր բեկորային վնասվածքներ են ստացել ոտքերի շրջանում», - ասաց Գնունին։

Այսօր ավելի վաղ Ազգային ժողովի շենքի մատույցներում տեղի ունեցավ ընդհարում ցուցարարների և ոստիկանների միջև:

Ցուցարարներին առաջնորդող ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր մուտք գործել ԱԺ շենք, ոստիկանները համաձայնեցին թույլ տալ միայն նրա և մյուս երեք պատգամավորների մուտքը: Փաշինյանը հայտարարեց, որ իրեն պայմաններ չպետք է թելադրեն, ապա ասաց, որ ցանկանում է որպես պատգամավոր ընդունել իր մոտ ընդունելության եկած քաղաքացիներին՝ ցուցարարներին: Ապա նա փորձեց արգելափակոցի վրայով անցնել դեպի ոստիկանության պատնեշը: Ոստիկանները խոչընդոտեցին նրան և նրան հետևող ցուցարարներին, ինչին հաջորդեց քաշքշուկ, որից հետո էլ ոստիկանները փշալարերով փակեցին դեպի ԱԺ ճանապարհը:

Ոստիկանությունը նաև հատուկ միջոցներ օգտագործեց, ըստ երևույթին՝ ձայնային նռնակներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG