Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դուստրը՝ 33-ամյա Յուլիա Սկրիպալը Սոլսբերիի հիվանդանոցից տեղափոխվել է Բրիտանիայի ռազմակայաններից մեկի հոսպիտալ: Այս մասին գրում է The Sun պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Պարբերականի տեղեկություններով՝ Յուլիա Սկրիպալը ռազմակայանի հոսպիտալ է տեղափոխվել նրա անվտանգությունը ապահովելու ու ապաքինմանը հետևելու նկատառումներից ելնելով:
Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Յուլիա Սկրիպալը դուրս է գրվել Սոլսբերիի հիվանդանոցից, որտեղ նա և Սերգեյ Սկրիպալը տեղափոխվել էին մարտի 4-ին՝ քիմիական ուժեղ նյութով թունավորումից հետո:
Նրանց վրա քիմիական «Նովիչոկ» նյութով կատարված հարձակման համար Բրիտանիան մեղադրում է Ռուսաստանին: Մոսկվան հերքում է մեղադրանքները՝ դրանք համարելով անհիմն: