Մատչելիության հղումներ

Յուլիա Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից, հնարավոր է, որ նա քաղաքական ապաստան խնդրի


Յուլիա Սկրիպալ, արխիվ

Յուլիա Սկրիպալը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարել է Սոլսբերիի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Քրիստին Բլանշարդը: Նա նշել է, որ Յուլիա Սկրիպալը հորդորել է իրեն հեռու պահել մամուլից, և այժմ բժիշկները կատարում են նրա խնդրանքը:

Քրիստին Բլանշարդն ասել է, որ հայր և դուստր Սկրիպալները հաջողությամբ են անցել բուժման կուրսը և գտնվում են ապաքինման տարբեր փուլերում: «Օգտվելով առիթից, ցանկանում եմ Յուլիային ամենայն բարիք մաղթել: Ապաքինումը դեռ ամբողջությամբ չի ավարտվել, սակայն կարևոր փուլն արդեն հետևում է: Նրա հայրը նույնպես ապաքինվում է, թեև ավելի դանդաղ: Մենք հույս ունենք, որ նա նույնպես դուրս կգրվի հիվանդանոցից, երբ դա հնարավոր լինի»,- հայտարարել է Սոլսբերիի հիվանդանոցի գլխավոր բժիշկը:

BBC-ի տեղեկություններով՝ Յուլիա Սկրիպալը երկուշաբթի օրը դուրս է բերվել հիվանդանոցից և այժմ գտնվում է անվտանգ վայրում: 33-ամյա Յուլիա Սկրիպալը և նրա հայրը՝ Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին գնդապետ, 66-ամյա Սերգեյ Սկրիպալը Սոլսբերիի հիվանդանոց էին տեղափոխվել անցած մարտի 4-ին, երբ քիմական ուժեղ նյութով թունավորման հետևանքով անգիտակից վիճակում հայտնաբերվել էին առևտի կենտրոններից մեկի նստարանին: Նրանց առաջինը մոտեցած ոստիկանը նույնպես բուժման կուրս է անցել հիվանդանոցում:

Սկրիպալների թունավորման համար Լոնդոնը մեղադրում է Մոսկային, պնդելով, թե մեծ հավանականությամբ՝ Ռուսաստանն է կանգնած «Նովիչոկ» կոչվող քիմիական նյութով նրանց թունավորելու գործողության հետևում: Ռուսաստանն ի սկզբանե հերքել է իր դեմ ուղղված բոլոր մեղադրանքները: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում անդրադառնալով Սիրիայում քիմիական զենքով հարձակման մասին լուրերին, ասել է՝ եթե փորձագետների մուտքը տվյալ վայրեր, ինչպես և Սկրիպալների թունավորման դեպքում, արգելվում է, ուրմեն դա նշանակում է, որ Արևմուտքը շահագրգիռ չէ իրականությունը բացահայտելու հարցում:

Անդրադառնալով Սկրիպալների հետագա ճակատագրին, բրիտանական մամուլը գրում է, թե հնարավոր է, որ Յուլիա Սկրիպալը Մեծ Բրիտանիայից քաղաքական ապաստան խնդրի: Նաև հնարավոր է համարվում, որ անվտանգության նկատառումներով Սկրիպալներն այլ անուններով անձնագրեր ստանան կամ տեղափոխվեն Միացյալ Նահանգներ:

Սոլսբերիում քիմիական նյութի հետքերով վայրերը՝ Սկրիպալների տունը, իտալական ռեստորանն ու գարեջրի փաբը ներկայումս ցանկապատված են: Չի բացառվում, որ դրանք քանդվեն, քանի որ այդպես ավելի հեշտ կլինի ամբողջությամբ ախտահանել նշված վայրերն ու վերացնել քիմիական նյութի հետքերը:

Ռուսաստանն արդեն իսկ արձագանքել է այդ շինությունների հնարավոր քանդման մասին լուրերին․ Լոնդոնում Ռուսաստանի դեսպանությունը հայտարարել է՝ եթե դրանք քանդվեն, դա կնշանակի, որ վերացնում են ապացույցներն ու խանգարում թափանցիկ հետաքննության անցկացմանը: Ռուսաստանի դեսպանությունը Լոնդոնից պահանջել է նաև անհապաղ ապացույցներ ներկայացնել առ այն, որ Յուլիա Սկրիպալին առնչվող գործողություններն արվում են վերջինիս կամքով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG