Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը սպառնում է ռազմական գործողություններ ձեռնարկել Սիրիայի դեմ


ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը ռազմական ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 9-ը ապրիլի, 2018թ․
ԱՄՆ - Նախագահ Դոնալդ Թրամփը ռազմական ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 9-ը ապրիլի, 2018թ․

Միացյալ Նահանգները սպառնում է ռազմական գործողություններ ձեռնարկել Սիրիայի դեմ՝ անցած շաբաթավերջին ենթադրաբար քիմիական զենքով Դամասկոսի մերձակայքում իրականացված հարձակմանն ի պատասխան, որի հետևանքով շուրջ վեց տասնյակ խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ կանայք ու երեխաներ: Երեկ ուշ երեկոյան հանդիպելով Ամերիկայի ռազմական ոլորտի ղեկավարներին՝ նախագահ Դոնալդ Թրամփը հստակ ընդգծել է՝ կատարվածն անարձագանք չի մնա:

«Դա կստանա իր պատասխանը, կստանա ուժի գործադրմամբ, երբ՝ չեմ ասի, քանի որ չեմ սիրում խոսել ժամկետների մասին: Մենք պատրաստվում ենք որոշումն ընդունել այս գիշեր կամ շատ կարճ ժամանակ անց, հստակ է, որ մենք չենք կարող թույլ տալ, որ նման վայրագությունները, որոնց մենք բոլորս ականատես եղանք, որ այդ սարսափը կրկնվի աշխարհի վրա: Մենք պետք է կանխենք դա, հատկապես, որ կարո՛ղ ենք: Միացյալ Նահանգների նման հզոր երկիրը կարո՛ղ է կանգնեցնել դա», - հայտարարել է Թրամփը:

Միացյալ Նահանգները Սիրիայում ռազմական գործողությունների մի քանի տարբերակ ունի, նշել է Սպիտակ տան ղեկավարը:

ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Նիկի Հեյլին էլ երեկ այս հարցի շուրջ կառույցում հրավիրված արտահերթ նիստում ընդգծել է՝ Վաշինգտոնը պատրաստ է քայլեր ձեռնարկել, անկախ այն բանից՝ ինչ կորոշի Անվտանգության խորհուրդը:

«Միացյալ Նահանգները հաստատակամ է պատասխանատվության ենթարկել այն հրեշին, որը քիմիական զենք է գործադրել Սիրիայի ժողովրդի դեմ: Դուք լսել եք Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը, այս հարցի շուրջ հանդիպումները շարունակվում են, հենց այս պահին էլ կայացվում են կարևոր որոշումներ», - ասել է Հեյլին՝ շարունակելով․ - «Մենք հասել ենք արդեն այն կետին, երբ աշխարհը պետք է տեսնի, որ արդարություն է հաստատվել, դա կա՛մ կդառնա պատմական պահ, երբ Անվտանգության խորհուրդը կկատարի իր պարտականությունները, կա՛մ՝ ի ցույց կդնի Սիրիայի ժողովրդին պաշտպանելու լիակատար անկարողություն: Այսպես թե այնպես՝ Միացյալ Նահանգները կարձագանքի»:

Ավելի վաղ նախագահ Թրամփը նշել էր, որ կատարվածի պատասխանատվությունը կիսում են նաև Սիրիայի դաշնակից երկրները: «Պատասխան են տալու բոլորը՝ լինի Ռուսաստանը, Իրանը, թե նրանք բոլորը միասին՝ մենք կպարզենք», - ասել է Սպիտակ տան ղեկավարը:

Սիրիացի երեխաների արյունը Ռուսաստանի ձեռքերի վրա է, իր հերթին պնդել է ՄԱԿ-ում Վաշինգտոնի դեսպանը: «Ռուսաստանը կարող էր դադարեցնել այս անիմաստ կոտորածը, եթե ցանկանար: Սակայն Մոսկվան պաշտպանում և աներկբա աջակցում է Ասադի ռեժիմին: Մահացած երեխաների լուսանկարները ոչինչ են Ռուսաստանի նման իշխանությունների համար, որոնք իրենց ներուժն օգտագործում են Ասադի մարդասպան վարչակազմին օգնելու համար», - հայտարարել է Հեյլին:

Կրեմլի արձագանքը չի ուշացել: Ցանկացած ռազմական գործողություն ծանր հետևանքներ կունենա, ՄԱԿ-ում երեկ հայտարարել է Ռուսաստանի դեսպան Վասիլի Նեբենզյան, ընդգծելով՝ Ռուսաստանը թույլ չի տա, որ Սիրիայում տեղակայված իր զորքերը հայտնվեն վտանգի տակ:

Չնայած սոցիալական ցանցերով ու լրատվամիջոցներով տարածող տեսանյութերին ու լուսանկարներին, Նեբենզյան կրկնել է Սիրիայի իշխանությունների դիրքորոշումն ու պնդել՝ Դումայում ոչ մի քիմիական հարձակում էլ չի եղել:

«Մեր ռազմական, ռադիոլոգիական ու կենսաբանական ոլորտի մասնագետները եղել են դեպքի վայրում և հաստատել, որ քիմիական հարձակման որևէ նշաններ չեն հայտնաբերվել: Դիակներ չեն գտնվել, և ոչ էլ թունավորված անձինք՝ հիվանդանոցներում: Դումայի բժիշկները հերքել են, որ իրենց դիմող հիվանդները գանգատվել են քիմիական հարձակումից», - հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի դեսպանը:

Ակնկալվում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի այս դիմակայությունը կշարունակվի նաև այսօր երեկոյան: Վաշինգտոնը շրջանառության մեջ է դրել բանաձևի նախագիծ, որով առաջարկում է ՄԱԿ-ին անկախ հետաքննություն անցկացնել՝ քիմիական հարձակման մեղավորներին պատժելու համար: Մոսկվան, սակայն, մինչև փաստաթղթի քվեարկությունն արդեն հայտարարել է՝ չի համաձայնի, քանի որ բանաձևը, «մի շարք անընդունելի դրույթներ է պարունակում»: Դրա փոխարեն Ռուսաստանը պատրաստվում է քվեարկության դնել սեփական բանաձևը՝ կոչ անելով դեպքի վայր հրավիրել Քիմիական զենքի արգելման միջազգային կազմակերպության փորձագետներին:

Փաստ է, սակայն, որ ընդամենը մի քանի ամիս առաջ՝ նոյեմբերին, Ռուսաստանը, վետոյի իր իրավունքը կիրառելով, արգելափակել էր նույն այդ կազմակերպության ու ՄԱԿ-ի համատեղ հետաքննությունը Սիրիայի տարածքում, երբ միջազգային փորձագետները հայտարարել էին, թե անցած տարվա գարնանը իրականացված մահաբեր հարձակման հետևում կանգնած են Սիրիայի կառավարական ուժերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG