Մատչելիության հղումներ

Սիրիայում տասնյակ մարդիկ են զոհվել. ենթադրաբար քիմիական զենք է կիրառվել


Արևելյան Գուտայի շրջանում, ենթադրաբար Բաշար ալ-Ասադի զորքերի կողմից քիմիական զենք կիրառելու հետևանքով, տասնյակ մարդիկ են զոհվել: Քիմիական զենքով հարձակման մասին հայտնում են սիրիացի ապստամբներն ու միջազգային հումանիտար խմբերը: Սիրիա-Ամերիկյան բժշկական ընկերակցությունը հաղորդում է, որ 49 մարդ է զոհվել, իսկ 500 մարդ բժշկական օգնության է դիմել՝ թունավորման ախտանիշներով:

ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Հիթեր Նաուերթը ապրիլի 7-ին ասել է, որ Միացյալ Նահանգները ուշադրությամբ հետևում է սիրիական կառավարական զորքերի կողմից քիմական զենքի հնարավոր կիրառման «շատ տագնապալից» լուրերին:

Նա ասել է, որ եթե քիմիական զենքով հարձակման լուրերը հաստատվեն, ապա դրա պատասխանատվությունը կկրի Ռուսաստանը:

«Ռուսաստանը Ասադի ռեժիմին իր աներեր աջակցությամբ, վերջին հաշվով պատասխանատվություն է կրում բազմաթիվ սիրիացիների վրա քիմիական զենքով դաժան հարձակումների համար: Պաշտպանելով իր դաշնակից Սիրիային, Ռուսաստանը խախտում է Սիրիայում քիմիական զենքի շրջանակային համաձայնագրի երաշխավորը լինելու ՄԱԿ-ի դիմաց ստանձնած իր հանձնառությունը»,- նշել է Հիթեր Նաուերթը: «Միացյալ Նահանգները Ռուսաստանին կոչ է անում անհապաղ դադարեցնել իր անվերապահ աջակցությունը (Բաշար ալ-Ասադին) և աշխատել միջազգային հանրության հետ՝ կանխելու քիմիական զենքի կիրառմամբ բարբարոսական հարձակումները»,-հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Սիրիան և Ռուսաստանը հերքում են մեղադրանքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG