Մատչելիության հղումներ

ՔՊ բերման ենթարկված երկու անդամներին վարչական իրավախախտման մեղադրանք է առաջադրվել


Երեկ ժամը 21:45 Երևանի Աբովյան-Իսահակյան փողոցների շրջակայքից իրազեկման աշխատանքներ կատարելիս բերման են ենթարկվել «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության անդամներ Վարսենիկ Ուզունյանը և Բաբկեն Գրիգորյանը։ Նրանց տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով, ասված է «Իմ քայլը» արշավի հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության՝ ոստիկանությունում գտնվելիս Ուզունյանին թույլ չեն տվել պատասխանել հեռախոսազանգերին։

«ՔՊ անդամների ազատ արձակումից հետո ՔՊ վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանը, հայտարարելով, որ ոստիկանության ցանկացած նմանօրինակ գործողություն արժանանալու է հակագործողությանը, հենց ոստիկանական բաժնի բակում ներկով գրեց #ԻմՔայլը», - ասված է հաղորդագրությունում:

Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասով նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով տուգանք է սահմանված «ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու» համար, «որը մանր չափերի վնաս է պատճառել»:

«Իմ քայլ»-ը հիշեցնում է, որ օրեր առաջ, նմանօրինակ մեղադրանքով բերման էին ենթարկվել ՔՊ ևս երկու անդամներ՝ Մեսրոպ Պապիկյանը և Նորայր Հայրապետյանը։

«Քաղաքացիական պայմանագիր»-ը հայտարարում է, թե ոստիկանության նման գործելաոճը չի կարող ստիպել դադարեցնել ապրիլի 13-ին Երևանի Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքի մասին իրազեկման աշխատանքները, «և դրանք այս օրերին կդառնան ավելի ծավալուն և տարաբնույթ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG