Մատչելիության հղումներ

Համալիրում նախագահի երդմնակալությանը լրագրողները կհետևեն Ազգային ժողովից


Արմեն Սարգսյան, արխիվ

Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը երկուշաբթի օրը տեղի կունենա Մարզահամերգային համալիրում ՝ Ազգային ժողովի հատուկ նիստում:

Սակայն լրագրողներն, այդ թվում՝ խորհրդարանում հավատարմագրվածները, իրավունք չեն ունենա լուսաբանել այդ արարողությունը:

Ինչպես «Ազատության»-ը փոխանցեց խորհրդարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչություն պետ Արսեն Բաբայանը, խորհրդարանում լրագրողների համար պայմաններ կստեղծվեն, որպեսզի ցանկացողներն Ազգային ժողովից համալիրում ընթացող արարողությանը հետևեն ինտերնետային հեռարձակման միջոցով:

Փոխարենը, ըստ Բաբայանի, Արմեն Սարգսյանի երդմնակալությանը ներկա գտնվելու հնարավորություն կունենան 53 առաջատար լրատվամիջոցների ղեկավարները:

Արսեն Բաբայան
Արսեն Բաբայան

Բաբայան. - Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներն Ազգային ժողովի նիստերի դահլիճ մուտք գործելու իրավունք չունեն։ Նրանք լուսաբանում են հատուկ առանձնացված սրահներում։ Նույն սկզբունքով տեղի կունենա հատուկ նիստի լուսաբանումը, բայց Ազգային ժողովի շենքում նախատեսված հատուկ սրահում ուղիղ եթերի և ձայնագրման հնարավորության միջոցով հավատարմագրված լրագրողները կկարողանան լուսաբանել։ Մի բացառիկ առանձնահատկություն նախկին բոլոր նիստերից, որ այս անգամ շուրջ 53 առաջատար լրատվամիջոցների ղեկավարներ հնարավորություն կունենան հատուկ հրավիրատոմսերով անմիջապես մասնակցություն ունենալ հատուկ նիստին: Եվ հաշվի առնելով, որ մեր առաջատար լրատվամիջոցների ղեկավարները բարձրագույն պրոֆեսիոնալներ են, ուստի այս առումով ստեղծվել են լուսաբանման լրացուցիչ պայմաններ։

«Ազատություն». - Լրատվամիջոցների ղեկավարները տեղից կարո՞ղ են լուսաբանել այդ ամենը։

Բաբայան. - Լրատվամիջոցների ղեկավարներն իհարկե իրենց մասնագիտական գործունեությունը կարող են հանգիստ իրականացնել։

«Ազատություն». - Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի Ազգային ժողովի սրահից հետևել, թե ինչ է տեղի ունենում համալիրում, դրա նպատակահարմարությունը ո՞րն է։

Բաբայան. - Դա լրացուցիչ պայման է: Եթե կան մարդիկ, ովքեր ցանկանում են ձայնագրել, լրագրողները, ովքեր ինտերնետի կարիք ունեն, լրագրողները, ովքեր Ազգային ժողովի մնացած բոլոր հնարավորություններից օգտվելու կարիք ունեն, կարող են հանգիստ գալ Ազգային ժողով։

Նկատենք, որ այսօրինակ սահմանափակումներ լրագրողների համար նախորդ բոլոր նախագահների երդմնակալության արարողությունների ժամանակ, սկսած դեռևս 1991 թվականից, չեն եղել: Անգամ 2008 թվականի մարտի 1-ի արյունալի իրադարաձություններից հետո լրագորղները կարողացել են մուտք գործել Օպերայի շենք, որտեղ տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի երդմնակալությունը։

«Հայաստանը գնում է ադրբեջանացման ճանապարհով»

Նիկոլ Փաշինյան, արխիվ
Նիկոլ Փաշինյան, արխիվ

​Նշենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը խիստ բացասական են գնահատում այս անգամ լրագրողների մուտքը սահմանափակելու որոշումը:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի փոխանցմամբ, սա ևս մեկ վկայություն է այն բանի, որ Հայաստանը գնում է ադրբեջանացման ճանապարհով:

«Լրագրողների աշխատանքն անընդհատ սահմանափակվում է։ Եվ սա էլի վերջին ամիսներին նկատվող միտում է՝ Երևանի ավագանի, հիմա Ազգային ժողով, ընդհանրապես Կառավարության նիստերը դռնփակ անցկացնելը: Երբ որ ասում ենք, որ Սերժ Սարգսյանը ստահոդ ադրբեջանատիպ պետություն է ստեղծում, հենց դա նկատի ունենք», - ասաց Փաշինյանը։

«Իշխանությունները մտավախություն ունեն, որ լրագրողները կարող են տոնը փչացնել»

Արմեն Մարտիրոսյան, արխիվ
Արմեն Մարտիրոսյան, արխիվ

​Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ ևս այս և նախորդ բոլոր սահմանափակումները ցույց են տալիս, որ Հայաստանը ժողովրդավարական սկզբունքներից շատ արագ հեռանում է:

Մարտիրոսյանը հիշեցնում է Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտությունը՝ «եկել ես մեր տոնը փչացնես, որ ի՞նչ անես»:

Ընդդիմադիր գործչի համոզմամբ, այժմ իշխանություննը մտավախություն ունի, թե լրագրողները, ներկա գտնվելով այդ արարողությանը, կարող են իրենց տոնը փչացնել:

«Պետության ընդհանուր տրամաբանությունն է, և եթե մի փոքր հումորով ասեմ, որ տոնը չփչացնեն, երևի թե։ Լրագրողները մեկ էլ տոնները փչացրեցին՝ անհարմար հարցեր տվեցին, այնտեղ որոշ մարդկանց դեմքի արտահայտությունները խոշոր օբյեկտիվով ցույց տվեցին», - ասաց Մարտիրոսյանը։

Նշենք, որ Հայաստանի 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությանը օտարեկրյա պաշտոնական պատվիրակություններ հրավիրված չեն: Ներկա չեն լինի նաև այլ երկրների ղեկավարներ:

Փոխարենը Արմեն Սարգսյանը կունենա դրսից հրավիրված հյուրեր։ Մեր տեղեկություններով, Հայաստան են ժամանելու Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկաների նախարար սըր Ալան Դանքընը, նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, ով այժմ այդ երկրի Սենատի անդամ է:

Արմեն Սարգսյանը կունենա նաև այլ հյուրեր, որոնց անունները դեռևս չեն հրապարակվում:

Ի դեպ, ըստ արարողակարգի, երկուշաբթի օրը մոտոցիկլետների շարասյունը Արմեն Սարգսյանին հայրական տանից, որը գտնվում է Դեմիրճյան փողոցում, կուղեկցի դեպի Մարզահամերգային համալիր: Երդմնակալության արարողությունից հետո նա կուղևորվի նախագահական նոր նստավայրը, որը գտնվում է Մաշտոցի 47 հասցեում: Սա, հիշեցնենք, Կառավարության ընդունելությունների նախկին տունն է: Այստեղ արդեն նախատեսվում է, որ նրան կայցելի գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, ով ապրիլի 9-ին կներկայացնի Կառավարության հրաժարականը:

Ի դեպ, քանի որ Հայաստանի 4-րդ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու Ազգային ժողովի հատուկ նիստում, ապա դրան ի պաշտոնե մասնակցում են պատգամավորները և հրավերի կարիք չկա:

Սակայն ընդդիմադիր «Ելք» դաշինքը չի մասնակցելու նիստին: Դաշինքի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանն, ով արդեն 7-րդ օրն է քայլերթ է իրականցնում մարզերում՝ նպատակ ունենալով կանխել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 3-րդ ժամկետը, «Ազատության» հետ զրույցում շեշտեց, թե ճիշտ կլինի, որպեսզի «Ելք» դաշինքի մյուս անդամները նույնպես հրաժարվեն մասնակցել Արմեն Սարգսյանի երդմնակալությանը:

Հատկապես որ, ըստ Փաշինյանի, այդ ընտրությունները խայտառակ ձևով են ընթացել» - «Էդ խայտառակ ընթացքի կոնտեքստում, կարծում եմ, ճիշտ կլինի, որպեսզի մենք չմասնակցենք այդ գործընթացին: Եվ կարծում եմ, շատ անարժանապատիվ դիրքում է հայտնվել ինքը: Նա պետք է ուղղակի հրաժարական տար, ներողություն խնդրեր Հայաստանի ժողովրդից և ուղղակի լքեր այդ պաշտոնը: Ճանապարհին, որ գալիս ենք, էդ թեմայով մարդկանց հետ շատ ենք քննարկումներ ունենում: Եվ էսօրվանից արդեն մարդիկ Արմեն Սարգսյանին կնքել են Անգլիական թագուհի անունով: Սա, կարծում եմ, շատ հասկանալի է, թե ինչու: Որովհետև բոլորին էլ պարզ է, որ իսկապես Արմեն Սարգսյանը ոչ թե նախագահի պաշտոնն է ստանձնում, այլ Սերժ Սարգսյանի մարիոնետի պաշտոնը»:

Հավելենք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը փոխանցեց, որ «Ելք» խմբակցությունը չի մասնակցելու Արմեն Սարգսյանի երդմնակալությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG