Մատչելիության հղումներ

Գյումրիից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթը՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա իշխանավարման


Գյումրիից մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի բողոքի քայլերթը, 31-ը մարտի, 2018 թ․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիի Վարդանանց հրապարակից սկսեց Սերժ Սարգսյանի իշխանավարման հնարավոր երրորդ ժամկետի դեմ նախաձեռնած իր պայքարը։

«Իմ Քայլը» անվանմամբ այս նախաձեռնությամբ ընդդիմադիր պատգամավորը կուսակիցների ու համախոհների հետ երկու շաբաթ շարունակ ոտքով կշրջի հանրապետության մի շարք քաղաքներով և ապրիլի 13-ին կհասնի Երևանի Ազատության հրապարակ: Հենց այնտեղից էլ, ըստ Փաշինյանի, կմեկնարկի քաղաքացիական անհնազանդությունների շարքը։

«Մեր գործողությունների ճանապարհային քարտեզի մեջ մտնում է ճանապարհներ փակելը, շենքեր շջրափակելը, գեներացնելը քաղաքացիական այնպիսի ակտիվություն, որ մենք իրար հետ կարողանանք գնալ Ազգային ժողով և կասեցնել Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության, ստահոդ կառավարության, ստահոդ իշխանության գործունեությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Ավելի վաղ նա ասել էր, որ Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ «14+4» անվանումով ճանապարհային քարտեզ են մշակել։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարն այսօր ևս մեկ անգամ ընդգծեց՝ դիմելու են բացառապես բողոքի խաղաղ և օրենքով չարգելված միջոցների․ «Մենք մերժում ենք ոչ միայն բռնությունը, այլև հակաբռնությունը: Այսինքն՝ մենք ոչ միայն ինքներս մեր նախաձեռնությամբ բռնություն չենք գործադրելու, այլև մեր նկատմամբ կիրառված հնարավոր բռնությանը բռնությամբ չենք պատասխանելու, այլ պատասխանելու ենք քաղաքացիական անհնազանդության պասիվ ձևերով»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ապրիլի 13-ից հետո իրականացվելիք մի քանի գործղություններ է ծրագրել: Թե դրանցից հատկապես որը և ինչպես կյանքի կկոչվի, դա կախված կլինի քաղաքացիների մասնակցությունից։ «Մենք ուզում ենք ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալ, որպեսզի նրանք իրենց տեսակետն արտահայտեն ընդդեմ Սերժ Սարգսյանի և Հանրապետականի ուխտադրժության: Ըստ էության, Սերժ Սարգսյանը հիմա պատրաստվում է ժխտել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կնքած պայմանագիրը, այն պարտավորությունը, որ նա ստանձնել է 2014 թվականի ապրիլի 10-ին, ՀՀ քաղաքացիների առաջ հայտարարելով, որ այլևս երբեք Հայաստանում պետության գլխի կարգավիճակին չի հավակնի, արձանագրելով, որ դա համարում է սխալ: Եթե նա սխալ համարելով՝ գնում է այդ քայլին, նշանակում է նա գիտակցաբար գնում է Հայաստանի ադրբեջանացման և սրանով ուզում է, էսպես ասած՝ ավելի խորացնել այն ստահոդ պետության հիմքերը, որի կաղապարով նա պատել է մեր սիրելի հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը»,- նաև հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մինչ Երևան հասնելը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները Փաշինյանի գլխավորությամբ կլինեն Վանաձորում, Սպիտակում, Հրազդանում և Աբովյանում։ Ի դեպ՝ Նիկոլ Փաշինյանն իրենց շարժման համար անգամ երգ է գրել։

Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ «Ելք» դաշինքը ձևավորած մյուս երկու ուժերը՝ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայստան» և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունները հայտարարել են, թե նպատակահարմար չեն համարում փողոցային պայքարի մարտավարությունը և չեն միանալու Փաշինյանի նախաձեռնած շարժմանը։

Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության դեմ պայքար են սկսել նաև «Հանուն Հայաստան պետության ճակատն» ու «Մերժիր Սերժին» երիտասարդական նախաձեռնությունը։ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց՝ պատրաստ են համագործակցել միայն խաղաղ ճանապարհով պայքարողների հետ:

««Հանուն Հայաստան պետության ճակատի» ներկայացուցիչների կողմից այս կապակցությամբ հնչում են տարբեր տեսակետներ: Այնտեղ կան գործիչներ, ովքեր հստակ համաձայն են այս [բռնություն չկիրառելու] անկյունաքարային սկզբունքի հետ: Բայց այնտեղ կան նաև գործիչներ, ովքեր համաձայն չեն այդ մոտեցումների հետ: Եվ քանի դեռ «Հանուն Հայաստան պետության ճակատից» միասնական դիրքորոշում չի հնչել այս կապակցությամբ, [համագործակցության] հարցը կմնա առկախված»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ապրիլի 9-ին, երբ կավարտվի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, խորհրդարանական խմբակցությունները մեկ շաբաթվա ընթացքում պետք է թեկնածուներ առաջադրեն և վարչապետ ընտրեն: Նոր Սահմանադրությամբ արդեն վարչապետը կլինի պետության փաստացի ղեկավարը։ Մի շարք ընդդիմադիր ուժեր վստահ են, որ խորհրդարանական մեծամասնությունը, ի դեմս ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի, հենց Սերժ Սարգսյանին են ընտրելու վարչապետ, թեև վերջինս ավելի վաղ հայտարարել էր, թե չի ստանձնելու այդ պաշտոնը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG