Մատչելիության հղումներ

Լոնդոնում ՌԴ դեսպանը հայտարարում է՝ ուրախ է Յուլիա Սկրիպալի ապաքինման համար


Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն ասուլիս է տալիս իր նստավայրում, Լոնդոն, 5-ը ապրիլի, 2018թ․
Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն ասուլիս է տալիս իր նստավայրում, Լոնդոն, 5-ը ապրիլի, 2018թ․

Մեծ Բրիտանիայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն հայտարարել է, թե ուրախ է Յուլիա Սկրիպալի ապաքինման համար:

«Ես իրոք ուրախ եմ և հույս ունեմ, որ Սերգեյ Սկրիպալը նույնպես կապաքինվի: Համոզված եմ, որ Յուլիա Սկրիպալը մի օր կվերադառնա Մոսկվա, որտեղ նա աշխատանք ունի, բնակարաններ, նա ունևոր անձնավորություն է», - ասել է ռուս դիվանագետը:

Դեսպանի խոսքի շարունակությունը վերաբերել է Յուլիա Սկրիպալի հորը՝ Ռուսաստանի ռազմական հետախուզության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին, ով Ռուսաստանում բանտարկությունից ազատվելուց հետո մշտական բնակություն էր հաստատել Մեծ Բրիտանիայում:

«Դա նրա ընտրությունն է: Նա որոշել էր այստեղ ապրել՝ Մեծ Բրիտանիայում, խնդիր չկա: Ռուսաստանը նրա հետ խնդիրներ չունի: Նա դատապարտվել էր, մի քանի տարի անցկացրել բանտում, ինչից հետո, ինչպես բոլոր քաղաքացիները, նա մաքուր է: Մեզ համար նրանք Ռուսաստանի քաղաքացիներ են, և մենք այստեղ ենք՝ պաշտպանելու մեր քաղաքացիների իրավունքները», - երեկ Լոնդոնում կայացած ասուլիսում ասել է Բրիտանիայում Ռուսաստանի դեսպանը:

Ալեքսանդր Յակովենկոն իր նստավայրում ասուլիս էր տալիս, երբ հայտնի դարձավ, որ թունավորումից մեկ ամիս անց, առաջին անգամ Յուլիա Սկրիպալը հանդես է եկել հայտարարությամբ:

«Մեկ շաբաթ առաջ ես ուշքի եմ եկել և ուրախ եմ հայտնել, որ առողջությունս օրեցօր վերականգնվում է: Համոզված եմ՝ հասկանում եք, որ միջադեպի հետևանքով կողմնորոշումս որոշ չափով կորցրել եմ», - ասել է նա և բոլորին հորդորել ապաքինման ընթացքում հարգել իր և ընտանիքի անձնական կյանքի իրավունքը:

Յուլիա Սկրիպալի անունից հայտարարությունը պաշտոնապես տարածել է Լոնդոնի ոստիկանությունը:

Սերգեյ Սկրիպալը Ռուսաստանում ազատազրկման էր դատապարտվել դավաճանության մեղադրանքով: Դատարանը ապացուցված էր համարել, որ նա գաղտնի տեղեկություններ է փոխանցել Արևմուտքի հատուկ ծառայություններին: Սկրիպալը ազատ էր արձակվել բացահայտված լրտեսների փոխանակման արդյունքում և մշտական բնակություն հաստատել Բրիտանիայում: Լոնդոնը գտնում է, որ մեծ հավանականությամբ՝ նրա դեմ հարձակման հետևում կանգնած է Ռուսաստանը:

Մինչ Սկրիպալների թունավորումը, վերջին տարիներին Բրիտանիայում կասկածելի հանգամանքներում մահացել են Ռուսաստանի իշխանություններին և նախագահ Վլադիմիր Պուտինին քննադատող մի քանի հայտնի ընդդիմախոսներ:

Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորումը դիվանագիտական մեծ սկանդալի պատճառ է դարձել: Երկու տասնյակից ավելի երկրներ, ի համերաշխություն Բրիտանիայի հետ, իրենց երկրներից ընդհանուր առմամբ ռուսաստանցի 150 դիվանագետների են արտաքսել: Մոսկվան պատասխանել է այդ երկրների նույնքան դիվանագետների արտաքսելով Ռուսաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG