Մատչելիության հղումներ

Պոլոնիումից ֊ Ռիցին․ Ռուսաստանի ընդդիմախոսների թունավորումները


Լոնդոնում Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է անցկացնում՝ ռուս հետախույզ, Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսության համար դատապարտված Սերգեյ Սկրիպալի և նա դստեր առողջական վիճակի կտրուկ վատթարացման շուրջ:

Կրեմլը կտրականապես հերքում է մամուլում շրջանառվող պնդումները, թե Ռուսաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության պաշտոնաթող գնդապետին թունավորել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները: Մեծ Բրիտանիայում, սակայն, կարծես հակված են այդ վարկածին, համենայնդեպս հայտնի է, որ գործը հետաքննելու է բրիտանական ոստիկանության հակաահաբեկչական ծառայությունը:

Ու մինչ քննիչները կպարզեն՝ ինչից են 66-ամյա Սկրիպալն ու նրա 33-ամյա դուստրը հանկարծակի կորցրել գիտակցությունն ու ծայահեղ ծանր վիճակում հայտնվել հիվանդանոցում, «Ազատությունը» ի մի է բերում մինչ օրս ինչից և ինչպես են մահացել Կրեմլի ընդդիմախոսները:

«Պոլոնիում -210»

Մ․Թ․ -- Մահամերձ Ալեքսանդր Լիտվինենկոն Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, արխիվ
Մ․Թ․ -- Մահամերձ Ալեքսանդր Լիտվինենկոն Լոնդոնի հիվանդանոցներից մեկում, արխիվ

Մոտ տասը տարի առաջ մեծ աղմուկ բարձրացրեց ԿԳԲ-ի և Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորումը «Պոլոնիում -210» ռադիոակտիվ նյութով: Երկարատև քննությունից հետո բրիտանացի քննիչները պաշտոնապես հայտարարեցին՝ Կրեմլին մոլի քննադատող փոխգնդապետի սպանությանը ամենայն հավանականությամբ հավանություն են տվել անձամբ նախագահ Պուտինն ու Անվտանգության դաշնային ծառայություն այն ժամանակվա ղեկավար Նիկոլայ Պատրուշեևը: «Պոլոնիում 210»-ը հազվադեպ հանդիպող և բարձր ռադիոակտիվություն ունեցող տարր է, ցիանական թթվից մոտ 250 հազար անգամ ավելի թունավոր: Լիտվինենկոն պնդում էր, թե Ռուսաստանի հատուկ ծառայությունները բնակելի շենքերի պայթեցումներ ու ահաբեկչություններ են կազմակերպել նախագահ Պուտինի վարկանիշը բարձրացնելու և նրան առավել մեծ իշխանություն տալու համար: Մահվանից առաջ տված վերջին ասուլիսում նա նաև պնդել էր՝ լրագրող Աննա Պոլիտկովսկայայի սպանությունը ևս նախագահ Պուտինն է պատվիրել:

Gelsemium elegans

Լիտվինենկոյի մահվանից մի քանի տարի առաջ՝ կրկին Մեծ Բրիտանիայում, սեփական շքեղ առանձնատան մերձակայքում մարզվելիս հանկարծամահ էր եղել 44-ամյա Ալեքսանդր Պերեպելիչնին: Մեծահարուստ գործարարը, ըստ հաղորդումների, շվեյցարացի քննիչներին մի շարք առանցքային փաստաթղթեր էր փոխանցել՝ մանրամասն նկարագրելով՝ ինչպես են ռուս բարձրաստիճան պաշտոնյաները առնվազն 220 միլիոն դոլար հափշտակել պետությունից ու պահ տվել շվեյցարական բանկերում: Պերեպելիչնին մահվանից մի քանի ամիս առաջ էր հետազոտվել, բժիշկները առողջական որևէ խնդիր չէին հայտնաբերել: Ավելի ուշ՝ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ, նրա օրգանիզմում Gelsemium-ի՝ այսպես կոչված «ինֆարկտի խոտ» կոչվող նյութի հետքեր էին գտնվել:

Թալիում

ԱՄՆ –Յուրի Շեկոչիխինը ցուցմունք է տալիս Ռուսաստանի փողերի լվացման գործով, արխիվ
ԱՄՆ –Յուրի Շեկոչիխինը ցուցմունք է տալիս Ռուսաստանի փողերի լվացման գործով, արխիվ

2003-ին խիստ կասկածելի հանգամանքներում մահացավ ռուս լրագրող, ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության պատգամավոր Յուրի Շեկոչիխինը, ով պայքարում էր կոռուպցիայի դեմ, մահվանից առաջ էլ սկսել էր հետաքննել՝ արդյոք Կրեմլը չի կանգնած Ռուսաստանում կազմակերպված պայթյունների ու ահաբեկչությունների հետևում: Հետաքննող լրագրողի վերջին հոդվածներից մեկի վերնագիրն էր՝ «Սա Ռուսաստանն է, թե՞ Խորհրդային Միության ԿԳԲ-ն»: Ընդ որում, նրա առողջական վիճակը վատթարացել էր կտրուկ՝ Միացյալ Նահանգների դաշնային հատուկ ծառայության քննիչների հետ հանդիպումից մի քանի օր առաջ: Գործընկերներից մեկը պատմել էր՝ «53-ամյա լրագրողը երկու շաբաթում դարձավ զառամյալ ծերունի, մազերը թափվում էին բռերով, ներքին օրգանները մեկը մյուսի հետևից դադարեցին գործել»: Դատաբժշկական փորձաքննությունը եզրակացրեց՝ մահվան պատճառ է դարձել օրգանիզմի սուր թունավորումը, գործին առնչվող բոլոր փաստաթղթերը պահվում են Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության գաղտնի արխիվներում: Մասնագետները չեն բացառում, որ լրագրողին թունավորել էին «Թալիում» քիմիական տարրով, որի մահաբեր աղերն օգտագործում են մկնդեղի մեջ:

Ռիցին

Բուլղարիա – Բուլղարացի դիսիդենտ Գեորգի Մարկովը, ով սպանվել է Լոնդոնում 1978թ․ սեպտեմբերի 7-ին, արխիվ
Բուլղարիա – Բուլղարացի դիսիդենտ Գեորգի Մարկովը, ով սպանվել է Լոնդոնում 1978թ․ սեպտեմբերի 7-ին, արխիվ

Փորձագետները փաստում են՝ ընդդիմախոսներին մահաբեր նյութերով «լռեցնելու» պրակտիկան կիրառվում էր դեռ Սառը պատերազմի օրերից: Այն ժամանակ հիմնականում ռիցին էին օգտագործում, որը ստացվում է տզկանեփի սերմերից և մահաբեր ազդեցություն է ունենում, երբ ներարկվում է մարդու արյունատար համակարգի մեջ: ԿԳԲ-ի գործակալներին ռիցինով խորհրդային կարգերի ընդդիմախոսներին թունավորելու մի քանի փորձ է մեղսագրվում: 1978-ին BBC-ի և «Ազատություն» ռադիոկայանի բուլղարացի լրագրող, այլախոհ Գեորգի Մարկովը մահացավ հենց ռիցինով թունավորվելուց 4 ժամ անց: Լրագրողը տուն շտապելիս դիպչել էր ինչ-որ մեկի անձրևանոցին, ծակոց զգացել. քննիչները կարծում են, որ հենց այդ պահին էլ նրան թունավորել էին ռիցինով:

Մարկովի սպանությունից տասն օր առաջ թունավորման փորձ էր կատարվել նաև մեկ այլ բուլղարացի լրագրողի՝ այլախոհ, «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Վլադիմիր Կոստովի դեմ: Վերջինս մեջքին ռիցինով լի ասեղի հարված էր ստացել Փարիզի մետրոյում, բարեբախտաբար լրագրողի կյանքը հաջողվել էր փրկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG