Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով կմեկնի Սուրբ Աթոռ (Վատիկան):
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի, Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ և կմասնակցի Վատիկանում «Տիեզերական Եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը, որից հետո տեղի կունենա էկումենիկ արարողություն` Հռոմի Պապի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի և Արամ առաջին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի մասնակցությամբ:
Սերժ Սարգսյանի ապրիլի 4-6-ը կայանալիք այցի շրջանակներում հանդիպում է նախատեսվում նաև Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի հետ:
Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի ինքնիշխան մարտական բարեխնամ ուխտի (Մալթայի ինքնիշխան ուխտ) միջև կստորագրվի համագործակցության համաձայնագիր, որից հետո Սերժ Սարգսյանը և Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոն հանդես կգան ԶԼՄ-ների առջև հայտարարություններով:
Հայաստանի նախագահն աշխատանքային այց կկատարի նաև Իտալիա, որտեղ հանդիպումներ կունենա Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի, Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի և Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոյի հետ:
Նշենք, որ այսօր Վատիկան է մեկնել նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։