Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Կարևոր է, որ յուրաքանչյուրն «իր քայլն» անի


Ապրիլի 9-ին նախագահության երկրորդ ժամկետն ավարտող Սերժ Սարգսյանի հնարավոր երրորդ իշխանավարման դեմ պայքարող «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցներն իրենց քայլերթի երրորդ օրը Լոռիում են՝ Կաթնաջուր գյուղից քայլել են դեպի Սպիտակ քաղաք:

Քայլերթը սկսելով Գյումրիից՝ մինչ ապրիլի 13-ը մտադիր են անցնել Վանաձոր, Դիլիջան, Սևան, Հրազդան և Աբովյան քաղաքներով, իսկ ապրիլի 13-ին կհասնեն Երևան՝ Ազատության հրապարակ, որտեղից էլ կմեկնարկի քաղաքացիական անհնազանդությունների շարքը:

«Իմ քայլը» շարժման նախաձեռնող, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց, որ պայքարի իրենց մեթոդը աննախադեպ է Հայաստանում, քայլերթի ընթացքում ոչ թե ելույթներ են ունենում, այլ պարզապես բնակիչների ուշադրությունն են հրավիրում իրենց օրակարգի վրա՝ փորձելով ոգևորել նրանց՝ մասնակցելու իրենց գործողություններին:

Փաշինյանի խոսքով, քայլարշավը, այս և մի քանի այլ նպատակ է հետապնդում․ - «Առաջինը, հանրության ուշադրությունը հրավիրել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետը կասեցնելուն օրակարգի կարևորության վրա: Երկրորդը, որոշակի վստահություն ներշնչել Հայաստանի քաղաքացիներին իրենց ուժերի նկատմամբ: Եվ երրորդը, հարթակ ստեղծել նրանց ակտիվության համար: Իսկ այս ամեն ինչը ի՞նչ արդյունքի կհանգեցնի, դա կերևա Ազատության հրապարակի չորսօրյա գործողություններից»:

Ճեպազրույցի ընթացքում Փաշինյանը մի քանի անգամ շեշտեց, որ իրենք դեմ են բռնությանը և ընտրել են պայքարի խաղաղ միջոցներ: Հաղթանակի հասնելու համար, Փաշինյանի համոզմամբ, կարևոր է, որ յուրաքանչյուրն «իր քայլն» անի․ - «Անպայմանորեն լինելու է գործողությունների գործընթաց: Սա չի լինելու հանրահավաք - տուն գնալու գործընթաց: Իսկ թե վերջնարդյունքին հասնելու հավանականությունը ինչքանով է մեծանում, դա կախված է ամեն մարդու ներկայությունից: Այսինքն՝ ցանկացած ոք, ով իր քայլը անում է, իր մասնակցությամբ ավելացնում է հաջողության հավանականությունը»:

Հարցին՝ թե ինչպես են խաղաղ միջոցներով պայքարելու այն դեպքում, երբ իշխանությունները հաճախ ուժի գործադրմամբ են ճնշել տարբեր շարժումների անհնազանդության ակցիաները, Փաշինյանը պատասխանեց. - «Ենթադրենք, մեր նկատմամբ ուժ են գործադրում, որ մենք էս տարածքից հեռանանք, մենք կփորձենք ուղղակի էդ տարածքից չհեռանալ: Ոչ թե ինչ-որ մեկին ծեծելով, ինչ-որ մեկին խփելով, այլ փորձելով, մենք իրար հետ ուժեր գործադրելով, որպեսզի էդ տարածքից չհեռանանք: Ուզում ենք, որ հստակ լինի, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր ոստիկան, Ազգային անվտանգության ծառայության յուրաքանչյուր աշխատակից հասկանա, որ ինչ էլ իրենք անեն, մենք իրենց նկատմամբ ոչ մի բռնություն չենք գործադրելու, մենք իրենցից որևէ մեկին որևէ վնաս չենք պատճառելու՝ անկախ նրանից, թե նրանք ինչ բռնություն մեր նկատմամբ կգործադրեն»:

Հիշեցնենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ դաշինք կազմած մյուս երկու ուժերը՝ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» և Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունները հայտարարել են, որ չեն միանալու Փաշինյանի նախաձեռնած շարժմանը, քանի որ նպատակահարմար չեն համարում փողոցային պայքարի տարբերակը։

Փաշինյանը մինչդեռ հույս ունի, որ «Ելք» դաշինքի իր գործընկերները կվերանայեն իրենց որոշումները և կնպաստեն մեջբերում եմ «քաղաքացու հաղթանակին»:

XS
SM
MD
LG