Մատչելիության հղումներ

«Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար անդամ, ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Ազատություն»․ - Կարծում եք, որ ժողովրդի կրիտիկական զանգվածը եթե հավաքվի, դա իսկապե՞ս ստիպելու է, որպեսզի Սերժ Սարգսյանը չընտրվի վարչապետի պաշտոնում:

Նիկոլ Փաշինյան․ - Մենք իրազեկել ենք Երևանի քաղաքապետարան, որ պետք է երթեր անցկացնենք, ցույցեր անցկացնենք: Եվ քաղաքացիական անհնազանդության գործողություններ կարող են լինել, որոնք ֆիզիկապես հնարավորություն չտան էդ գործողություններն իրականացնել Հանրապետական մեծամասնությանը: Այդ թվում՝ կարող են ուղղակի էդ համակարգի գործոնեությունը կաթվածահար անել․․․ ոչ թե բռնությամբ․․․ իրենց ներկայությամբ, ուղղակի որևէ տեղ կանգնած լինելով:

«Ազատություն»․ - Օրինակ, Բաղրամյան փողոցը փակելով: Եվ պատգամավորները հնարավորություն չունենան այդ օրը գալ Ազգային ժողով և ընտրել:

Փաշինյան․ - Օրինակ: Դուք ասում եք մի սցենար, որը կարող է լինել: Եթե նույնիսկ հինգ հարյուր հոգի լինի, մենք այդ հինգ հարյուր հոգու կամարտահայտությունը ի ցույց դնելուն ուղղված գործողություններ կանենք: Էս շարժումը չի կարող լինել ուղղակի ելույթների շարժում: Սա կլինի գործողությունների շարժում: Թեկուզ փոքրաթիվ, թեկուզ մի հոգով․․․ Եվ էն, ինչ որ մենք անելու ենք, դա սկզբից մինչև վերջ լինելու ա գործողություն: Հնարավորինս քիչ խոսքեր, և հնարավորինս շատ գործողություններ: Որովհետև, ես մտածում եմ, որ իմ քաղաքական գործունեության ընթացքում Սերժ Սարգսյանի մասին հնարավոր ամեն ինչը ասել եմ: Իհարկե նոր ասելիքներ էլ կան, որոնք նույնպես կարևոր են: ԲԱյց ես ուզում եմ արձանագրենք հետևյալ իրողությունը․ որ պրոցեսը կանգնեցնելու համար մեզ պետք է բազմահազար մարդկանց ներկայություն: Այդ մարդկանց ներկայության հարթակը մենք կստեղծենք, մեզնից կախված ամեն ինչ կանենք, որ պրոցեսի նկատմամբ որոշակի վստահություն ձևավորվի, որոշակի հույս ձևավորվի, որոշակի հավատ ձևավորվի: Ես հիմա ուզում եմ հույս հայտնեմ և հավատամ, որ Հայաստանի քաղաքացիները իրենց կամքը կարտահայտեն: Հիմա շատերը հարցնում են, ասում են՝ Սերժ Սարգսյանին չընտրեն, ուրիշին կընտրեն․․․ Արդեն արձանագրեցինք՝ որոշ թեկնածու չկա: Մենք խոսում ենք Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում կասեցնելու մասին, և եթե դա հնարավոր լինի անել, առաջ կգա ժողովրդի թեկնածուին որպես վարչապետ ընտրելու հարցը: Եթե երկրորդ անգամ Ազգային ժողովը, օրինակ, չկարողանա վարչապետ ընտրել, դրանից հետո օրենքի ուժով պիտի տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սա սահմանադրությամբ գրված է․ ոչ թե ինչ-որ որոշում պետք է ընդունվի, օրենք պետք է ընդունվի: Եթե երկու անգամ նշանակված ժամկետում Ազգային ժողովը չի ընտրում վարչապետ, իրավունքի ուժով Ազգային ժողովը արձակվում է և նշանակվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ»:

«Ազատություն»․ - Կփորձե՞ք, օրինակ, փոքրաթիվ ուժերով փողոց փակել, կանխել քվեարկությունը:

Փաշինյան․ - Հարցը երկու մաս ուներ: Այն, ինչ որ հնարավորություն ունենանք անել, այո, կփորձենք անել: Օրինակ, որևէ փողոց փակելը դա քաղաքացիական խաղաղ անհնազանդության կոնկրետ ձև է, որը մեր գործիքակազմում կարող է լինել, և մեծ հավանականությամբ կլինի:

«Ազատություն»․ - Դուք նաև հաշվարկե՞լ եք, թե ինչ կարող է լինել ոստիկանության կողմից, եթե փորձ արվի փակել մի փողոց, որտեղ տեղակայված են և՛ Ազգային ժողովը, և՛ նախագահի նստավայրը:

Փաշինյան․ - Իհարկե, դրանք ռիսկեր են, որոնք կարող են լինել, բայց, մեր գնահատմամբ, շատ ավելի մեծ ռիսկ է այն, որ Հայաստանի ադրբեջանացումը տեղի ունենա ընդհանրապես առանց որևէ դիմադրության: Ես դա կհամարեմ վիրավորանք ինքս իմ հասցեին և Հայաստան Հանրապետության քաղաքացիության ինստիտուտի հասցեին: Սա շատ կարևոր բան է։ Այսինքն, Սերժ Սարգսյանը ուղիղ նայի Հայաստանի քաղաքացիների աչքերի մեջ և նրանց խաբի, և խաբեությունը արդեն ուղղակի ձևով դարձնի քաղաքական իրականություն և գործոն՝ ընտրակաշառքային ընտրությունների վրա հիմնվելով, և Հայաստանի Հանրապետությունում չհնչի դիմադրության որևէ ձայն, ինչ ա թե, ինչ-որ մեկին (ես ինձ նկատի ունեմ) կարող են ձերբակալե՞լ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG