«Մենք հայտարարում ենք, որ բացառապես քաղաքացիական խաղաղ անհնազանդության կողմնակից ենք», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական» հաղորդաշարի ապրիլի 1-ի թողարկման եթերում հայտարարեց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Այլևս սրա մասին չենք խոսելու, որովհետև նույն հաջողությամբ վաղը չէ մյուս օրը կարող է իմ ճակատին Հանրապետական կուսակցության, այսպես ասեմ, մեղադրանք կպցնեն, ասեն՝ տեսա՞ք, էս մեկը ասեց, որ որևէ մեկը իրավունք չունի փողոց փակելու կամ և այլն, և այլն, ու դա կպցնեն ճակատին: Այսինքն, չի կարելի վերջապես: Այն, ինչ որ մենք պաշտոնապես հայտարարում ենք, դրանից էն կողմ էլ մեկնաբանություն պետք չի անել, մեր փոխարեն թող մեկնաբանություն չանեն», - շարունակեց Մարտիրոսյանը:
«Հանուն Հայաստան պետության» ճակատը և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, հիշեցնենք, պատրաստվում են ապրիլի 9-ից՝ Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունների ավարտից հետո Երևանի Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ անցկացնել մինչև ապրիլի 17-ը, երբ ընտրվելու է Հայաստանի նոր վարչապետը:
«Ազատության» հիշեցմանը, որ այս ճակատը, ըստ էության, ստեղծվել է «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի կոչով, ով վերջերս դատապարտվեց 10 տարի 5 ամսվա ազատազրկման՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, ռազմավարական նշանակության շենքեր գրավելու, իշխանություններին գործողություններ պարտադրելու նպատակով ապօրինի հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու մեղադրանքներով, «Ժառանգության» նախագահը արձագանքեց․ - «Ի՞նչ կապ ունի: Ժիրայր Սեֆիլյանի կոչով, որ ինքը տեսնում է՝ էս մարդիկ ընդդիմադիր մարդիկ են, ասում է՝ «իրար հետ նստեք, խոսեք, իրար հետ մի բան արեք», հո չի՞ ասում՝ «եկեք, իմ դրոշի տակ կանգնեք», դա՝ մեկ: Երկրորդ՝ Ժիրայր Սեֆիլյանը բռնության համար չի դատապարտվել, կեղծ, այսպես ասեմ, հոդված, կեղծ դատավարությամբ, հաշվեհարդարի տեսքով դատավարությամբ դատապարտվել է իբրև թե զենքի տեղափոխության, մասսայական անկարգություններ է ցանկացել կազմակերպել, և այլն, և այլն, բայց իրականության մեջ, դատարանում մենք տեսանք, որ որևէ ապացույց այդպես էլ չեղավ, որևէ ուղիղ մեղադրանք՝ թեկուզ մեկի կողմից, չեղավ: Ընդամենը մեկ մեղադրանք կար, այն էլ՝ միջնորդավորված ձևով․ միջնորդավորված ում ասես, ինչ ասես կարող են մեղադրել: Թեկուզ՝ Հայաստանում ուղիղ էլ են մեղադրում, կեղծ մեղադրանք տալիս, էդ նորություն չի, բայց, համենայն դեպս, նույնիսկ ուղիղ մեղադրանք չեղավ: Դրա համար, խոսել, որ, թեկուզ, Ժիրայր Սեֆիլյանի կոչով է՝ հա, ասենք թե Ժիրայր Սեֆիլյանի կոչով է․․․»:
«Եվ վերջապես, մենք տարբեր միավորների ներկայացուցիչներ ենք, տարբեր մտածողություններ ունենք, հասարակական գործիչներ կան, մշակութային գործիչներ կան: Ի՞նչ, որ, ասենք, Ժիրայր Սեֆիլյանը տեսել է էդ մարդկանց որպես ընդդիմադիրներ և մարդիկ, ովքեր կարող են ինչ-որ բան իրականացնել, հիմա դրանից ելնելով՝ պետք է կպցնել, որ իրենք զինված պայքարի կողմնակի՞ց են: Դա ընդամենը իշխանական մեկնաբանություն է, ոչ ավելի», - շեշտեց ընդդիմադիր գործիչը:
Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․