Մատչելիության հղումներ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ցավակցել է ԼՂ-ում ականի պայթյունից մահացած սակրավորների ընտանիքներին


Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը

Հայաստանում Ամերիկայի դեսպան Ռիչարդ Միլսն ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դեբորա Գրիզերը ցավակցական խոսք են հղել Լեռնային Ղարաբաղում երեկ ականազերծողների հետ կապված դժբախտ պատահարի վերաբերյալ։

Ըստ Հայաստանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջի, ցավակցական խոսքում մասնավորապես ասված է. - «Մեծ ցավով տեղեկացանք Պավել Հակոպովի, Սամսոն Ավանեսյանի և Մարատ Պետրոսյանի մահվան մասին, երեք քաջարի մարդասիրական աշխատողներ, ովքեր ՀԱԼՕ Թրասթի կազմում, որը մասնակի ֆինանսավորվում է ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից, մասնակցում էին Լեռնային Ղարաբաղում իրականացվող ականազերծման աշխատանքներին:

Մենք խորապես ցավակցում ենք Պավելի, Սամսոնի և Մարատի ընտանիքներին և աղոթում ենք նրանց համար: Նրանք զոհ գնացին ծառայելով ի շահ մյուսների: Հուսով ենք, որ ՀԱԼՕ Թրասթի մյուս երկու մասնագետները` Գարիկ Գոհիրյանը և Արամ Մկրտչյանը, ովքեր ստացել են լուրջ վնասվածքներ, արագ կապաքինվեն:

Սա ևս մեկ հիշեցում է այն մասին, թե չպայթած զենքն ու զինամթերքը ինչպիսի լուրջ սպառնալլիք են քաղաքացիական անձանց համար` աշխարհի ցանկացած վայրում:

Այս երեք քաջարի անձինք միշտ կմնան մեր հիշողություններում: Նրանց նվիրումն ու խիզախումն ի բարօրություն մյուսների թող սփոփի անդառնալի կորուստ ապրած նրանց ընտանիքներին և ուժ տա ՀԱԼՕ Թրասթի նրանց գործընկերներին՝ շարունակելու իրենց աշխատանքը՝ վառ պահելով նրանց հիշատակը»։

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ղազանչի տեղանքում երեկ առավոտյան ականի վրա պայթյունի հետևանքով զոհվել են HALO Trust ամերիկյան կազմակերպության Ստեփանակերտի գրասենյակի երեք սակրավորներ՝ Պավել Ակոպովը, Սամսոն Ավանեսյանը և Մարատ Պետրոսյանը, ևս երկուսը վիրավորվել են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG