Մատչելիության հղումներ

«Բռնությունը երկխոսությունից գերադասող խմբերին, ինչպիսին «Սասնա Ծռերն» են, միանշանակ դատապարտում ենք»․ Միլսը՝ Aysor.am-ին


Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, արխիվ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս, արխիվ

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի դատավճռի հրապարակումից հետո հայկական մեդիադաշտում շրջանառվող լուրերը, թե Արևմուտքը Հայաստանում իշխանափոխության նպատակով աջակցում է ընդդիմադիր խմբերին, անգամ զինված խմբավորումներին, ինչպիսին է «Սասնա Ծռեր»-ը, «իրականությունից ավելի հեռու չէին էլ կարող լինել», հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսը:

Aysor.am-ի խնդրանքով մեկնաբանելով հիշյալ լուրերը՝ Միլսը ասել է․ - «Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերին, ինչպիսին «Սասնա Ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա Ծռերի» և մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար: Անցած տարի «Սասնա Ծռերի» անդամների գործողությունների հետևանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչները անհարկի հայտնվել էին սոսկալի իրավիճակում»:

«Քաղաքական փոփոխություն կատարելու նպատակով բռնությունը որպես գործիք կիրառելը հակասում է ոչ միայն ամերիկյան արժեհամակարգին, այլ նաև խաղաղ երկխոսության և մարդկային կյանքի նկատմամբ հարգանքի գլոբալ ժողովրդավարական արժեքներին: Բռնությունը բոլոր կողմերից վտանգում է ժողովրդավարական սկզբունքները և երբեք չի կարող հանդուրժվել: Ուստի՝ ոչ, մենք նման խմբերի կամ նման գործողությունների չենք աջակցում: Սրա հետ մեկտեղ, արդար դատաքննության իրավունքը պետք է իրացվի բոլոր մեղադրյալների համար», - ընդգծել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը:

Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, անցած շաբաթ դատապարտվեց 10 տարի հինգ ամսվա ազատազրկման: Դատավորն ապացուցված համարեց, որ նա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ` իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով, բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և այլն, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:

«Սասնա Ծռեր» զինված խումբը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին: Ներկայումս տվյալ գործով երեք դատավարություն է ընթանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG