Մատչելիության հղումներ

Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը


Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այսօր մեծ շուքով տոնում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հաղթկան մուտքը Երուսաղեմ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հյաոց Կաթողիկոսի, մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Վարչա-տնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

«…Այսօր, շուրջ երկու հազար տարիներ հետո մենք հավաքվել ենք այս սուրբ եկեղեցում՝ տոնախմբելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:…Շատերի համար այդ օրերին Հիսուս եկել էր ֆիզիկական փրկություն պարգևելու, իսկ շատերի համար Քրիստոս եկել էր հոգու փրկություն պարգևելու, մի ստվար, հոծ բազմության համար Նա թագավոր էր, ոմանց համար` թագավոր երկրի վրա, իսկ ոմանց համար՝ թագավոր երկնքում: «Ո՞վ է Նա»,-հարցնում էին բոլորը: Պատասխանն այստեղ էր՝ Նա Հիսուս Քրիստոսն էր, որին հավատացին շատերը, իսկ այսօր արդեն՝ միլիարդավորներ: Հիսուս Քրիստոսն էր, որ Իր կյանքը տվեց Իր արարածների համար, որպեսզի ապրեն նրանք և առավել կյանք ունենան:

…Սիրելիներ, հավատքը դեպի Նա, ով Իր կյանքը չխնայեց յուրաքանչյուրիս համար, տարածվեց և հասավ մինչև մեր օրերը: Եվ մենք այստեղ՝ այս սուրբ կամարների ներքո, այսօր տեսնում ենք, թե ինչպե՛ս մանուկներ, արք և կանայք, ցնծում են, որովհետև այսօր մենք տոնախմբում ենք ծաղկազարդը, եկել ենք ծաղկազարդվելու այս տոնի խորհրդով, եկել ենք միանալու մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին` Նրա մարմինն ու արյունը ճաշակելով», - պատարագի ընթացքում ասել է Մուշեղ Սրբազանն իր քարոզում։

Սրբազանն իր խոսքում ողջունել է Ծաղկազարդի առիթով Մայր Տաճարի Ս. Խորանին սպասավորող մանուկներին, ովքեր վաղ առավոտյան ժամանել էին Ս. Էջմիածին Տավուշի թեմի սահմանամերձ քաղաքներից և գյուղերից` մասնակցելու Ս. Պատարագին և ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG