Մատչելիության հղումներ

Շիրակի պետհամալսարանի դասախոսը հացադուլ է հայտարարել՝ բողոքելով ռեկտորի դեմ


Շիրակի պետական համալսարանը, արխիվ
Շիրակի պետական համալսարանը, արխիվ

Շիրակի պետական համալսարանի դասախոս, պատմության ու փիլիսոփայության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանն այսօրվանից անժամկետ հացադուլ է հայտարարել՝ պնդելով, որ բուհի ռեկտորն ապօրինություններ է թույլ տալիս: Խորիկյանը պահանջում է, որ բուհական պաշտոնների հավակնորդների ընտրությունները կատարվեն «կանոնադրությանը համապատասխան»: Դասախոսը փակվել է համալսարանի սենյակներից մեկում և դուռը բացում է միայն լրատվամիջոցների առջև:

Հարցին՝ ինչու՞ է ընտրել բողոքի արտահայտման այս ծայրահեղ միջոցը, Խորիկյանը պատասխանեց․ «Հերթական կապրիզի պոռթկումը փետրվարի 5-ին էր, երբ սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի դեկանի ընտրությունը պետք է լիներ ֆակուլտետի խորհրդում: Բայց տեսնում ենք, որ կրկին [ռեկտորը] փորձում է ընտրությունը տեղափոխել գիտական խորհուրդ: Կանոնադրության մեջ նշված է, որ ֆակուլտետի խորհուրդն է հաստատում կամ կազմակերպում դեկանի, ամբիոնի վարիչների ընտրությունը»,- «Ազատությանն» ասաց Հովհաննես Խորիկյանը:

Նա հայտարարեց, թե հացադուլը չի դադարեցնի, քանի դեռ չկա կրթության նախարարի արձագանքը: Բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը, արձագանքելով դասախոսի հայտարարած հացադուլին, ասաց․ «Դուք որակեք, դուք ծնող եք, շահառու եք, ուսանող եք, գալիս եք դասի, դասախոսն անձնական նկատառումով ․․․ իր հովանավորների հովանավորչական լծակերն ի չիք են դարձել, հիմա [փորձում է] նորից անցնի բաղձալի պաշտոնների՝ դեկանի թե ամբիոնի վարիչի: Դուռը փակում, ասում է՝ հացադուլ եմ անում: Դուք ինչպե՞ս կվերաբերվեք: Մարդ, որը կոչված է այստեղ անձանց դաստիարակել»:

Եթե կանոնադրություն է խախտվում, կարող են դատարան դիմել, ասում է Մինասյանը․ «Մենք ապրում ենք իրավական երկրում, դատարան կա դրա համար, տակը ստորագրի, տուր դատարան, թող դատարանը լսի խնդիրը: Ի՞նչ է նշանակում՝ ուսանողին ասի, ես չեմ պարապում»:

Ըստ ռեկտոր Սահակ Մինասյանի, իրեն ընդդիմացող երկու դասախոսներն՝ Հովհաննես Խորիկյանը և Գագիկ Համբարյանը ունեն իրենց հովանավորները, ովքեր էլ «ուղղորդում են նրանց»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG