Մատչելիության հղումներ

Շիրակի համալսարանի ռեկտորի որոշմամբ աշխատանքից ազատված դասախոսները դիմելու են դատարան


Շիրակի պետական համալսարան, արխիվ
Շիրակի պետական համալսարան, արխիվ

Շիրակի պետական համալսարանի ռեկտորին բուհում չարաշահումներ և ապօրինություններ թույլ տալու մեջ մեղադրած երկու դասախոսները հաշվեհարդար են որակում օրերս իրենց աշխատանքից ազատելու որոշումը։

Ռեկտոր Սահակ Մինասյանի որոշմամբ՝ Գագիկ Համբարյանն ու Հովհաննես Խորիկյանը աշխատանքից ազատվել են աշխատանքային օրենսգրքի երկու կետերի հիմնավորմամբ՝ աշխատողի կողմից իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, և գործատուի գույքի պահպանությունը վտանգի տակ դնելը։

«Սա հաշվեհարդար է և՛ իմ, և՛ պարոն Խորիկյանի նկատմամբ, որովհետև մենք այս վեց ամիսների ընթացքում բացահայտեցինք, գրեթե ողջ ծավալով, պարոն Մինասյանի գործած հանցագործությունները», ֊ «Ազատության» հետ զրույցում պնդեց Գագիկ Համբագրյանը։

Բուհ արդեն նախկին դասախոսները վստահ են, որ նախօրեին բուհ այցելած Ազգային ժողովի գիտության և կրթության հանձնաժողովի նախագահ Վարդան Բոստանջյանի հարցազրույցն ավելի է բարկացրել Սահակ Մինասյանին: «Ծառուկյան» խմբակցության անդամ Բոստանջյանը լրագրողների հետ զրույցում պնդել էր, որ դասախոսների բողոքները համապատասխանում էին իրականությանը։

Խորիկյանն ու Համբարյանը դեռ սեպտեմբերին նախագահին ու վարչապետին ուղղված բաց նամակում պնդել էին, որ ռեկտորը պարզապես զբաղված է բուհի գումարների փոշիացմամբ։ Այս ահազանգերի հետքերով դատախազությունը ստուգումներ էր սկսել բուհում, սակայն վեց ամիս անց էլ դեռ արդյունքները հանրությանը չեն ներկայացվել։

Սահակ Մինասյանը կտրուկ հերքում է բոլոր մեղադրանքները։ Նա «Ազատությանը» փոխանցեց՝ հնչեցված մեղադրանքների պատասխանները ժամանակին տվել է իր պարզաբանումներով և ավելացնելու ոչինչ չունի, իսկ աշխատանքից ազատելու հիմքերը բուհի կայքէջում հրապարակված են:

Համալսարանի գիտխորհուրդը, մասնավորապես, որոշել է, որ Խորիկյանի ու Համբարյանի պահվածքն այլևս վստահություն չի ներշնչում ու անհամատեղելի է դասախոսի աշխատանքին։ Բացի այդ՝ նրանք նաև բուհի անունն են անհարկի շահարկել ու վարկաբեկել, այդ պատճառով էլ գիտխորհուրդը դիմել է ռեկտորին, որպեսզի վերջինս միջոցներ ձեռնարկի խնդրին լուծում տալու համար։

Բուհում նաև էթիկայի հանձնաժողով է ձևավորվել, որն էլ գտել է, որ երկու դասախոսները սահմանված էթիկայի սկզբունքներն են խախտել։ Խորիկյանն ու Գրիգորյանը նաև կրթության դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանին են մեղադրում՝ պնդելով, թե վերջինս հովանավորում է հանրապետական ռեկտորի գործունեությունը. ֊ «Այս ամենի համար պատասխան պետք է տա կրթության և գիտության նախարարը, որովհետև մենք հարյուր տոկոսով համոզված ենք, որ այս ամեն ինչի թիկունքում կանգնած է հենց ինքը»։

Կրթության ու գիտության նախարարի մամուլ խոսնակ Լուսինե Մարգարյանն ասաց՝ հնչեցված մեղադրանքին պատասխան տրվել է և մարտի 24-ին կկայանա բուհի հոգաբարձուների և կառավարման խորհուրդների համատեղ նիստը, որտեղ էլ կքննարկվի այս հարցը։ Մինչ այդ՝ գործազուրկ դարձած դասախոսները պատրաստվում են դիմել իրավապահ մարմիններին:

«Նախ՝ հատուկ քրեական գործեր հարուցելու պարոն Մինասյանի դեմ՝ գրադարանի գրքային ֆոնդի ոչնչացման համար, նաև լիցենզիաների պահով՝ սրանք քրեորեն պատժելի հանցագործություններ են», ֊ հայտարարեց Համբարյանը։

Խորիկյանը հավելեց. ֊ «Մենք դիմելու ենք ՀՀ գլխավոր դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, նաև՝ դիմելու ենք դատարան՝ մեր իրավունքները վերականգնելու և ռեկտորի կամայականությունը վեր հանելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG