Մատչելիության հղումներ

Էլեկտրահարվելու հետևանքով 64-ամյա կինը մահացել է, 10 ամսական թոռը՝ տեղափոխվել հիվանդանոց. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում
Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 64-ամյա կնոջ մահվան և նրա թոռան էլեկտրահարվելու դեպքի հանգամանքները։

Ըստ կոմիտեի, 2018 թվականի մարտի 22-ին` ժամը 17:10-ին, «Մուրացան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակարաններից մեկից «էլեկտրահարվածություն, ձախ սրունքի այրված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 10 ամսական երեխա։ Բացի այդ, նույն բնակարանում հայտնաբերվել է երեխայի տատի դին, ով, նախնական վարկածով, մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։

«Դեպքի վայրի զննությամբ՝ բնակարանում՝ գետնին, հայտնաբերվել է մանկահասակ երեխայի տատիկի դին՝ վերին վերջույթների` դաստակների, նախաբազուկների դրսային, առաջամիջնային մակերեսների, աջ կրծքագեղձի, ձախ սրունքի շրջաններում բազմաթիվ մոխրացած, ածխացած, դարչնագույն վնասվածքներով: Լոգարանի հարևանությամբ գտնվող ննջասենյակում հայտնաբերվել է վնասված էլեկտրական սավան: Նախնական տվյալներով՝ դեպքի պահին տանը գտնվել են թոռնիկը՝ տատիկի (ծնված 10.11.1953թ.) հետ միասին», - ասված է հաղորդագրությունում։

Նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Վարույթն իրականացնող մարմնին բժշկական կենտրոնից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ փոքրիկի կյանքին, այս պահի դրությամբ, վտանգ չի սպառնում։

«Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG