«Ադրբեջանը Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը կարող է խորացնել միայն մեկ պայմանով՝ եթե Ռուսաստանը ներգործի Հայաստանի իշխանությունների վրա և ապահովի օկուպացված գոնե հինգ շրջանների ազատումը, սակայն մոտ ապագայում դա չի նշմարվում», - նման կարծիք է հայտնել «Ատլաս» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլհան Շահինօղլին՝ «Թուրան»-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վերընտրությանը և դրա ազդեցությանը տարածաշրջանի ու Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների վրա:
«Պուտինը նորից նախագահ է ընտրվել, և նրա դիրքորոշումը Ղարաբաղի հարցում չի փոխվի: Նա հետաքրքրված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, ինչի մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին», - ասել է ադրբեջանցի փորձագետը:
Նրա կարծիքով՝ Դմիտրի Մեդվեդևը, երբ Ռուսաստանի նախագահ էր, ցանկանում էր լուծել ղարաբաղյան հակամարտությունը, նա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 10 հանդիպում էր կազմակերպել, սակայն, ըստ փորձագետի, Պուտինը խանգարեց դրան:
Էլհան Շահինօղլիի խոսքով՝ Ռուսաստանը միշտ պաշտպանել է Հայաստանին և օգտագործել Ադրբեջանի դեմ:
«Այդ քաղաքականությունը չի փոխվի, ես չեմ ակնկալում, որ Վլադիմիր Պուտինը ճնշի Հայաստանին և արագացնի ղարաբաղյան խնդրի լուծումը, քանի որ այդ հակամարտության օգնությամբ Ռուսաստանը բռի մեջ է պահում Հայաստանին և կարող է ազդեցություն ունենալ Ադրբեջանի վրա: Առանց ղարաբաղյան հակամարտության Հայաստանի հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ կկարգավորվեն, և Ռուսաստանը կկորցնի իր վերջին ֆորպոստը Կովկասում», - ընդգծել է ադրբեջանցի վերլուծաբանը:
Նրա կարծիքով՝ Ռուսաստանից մեծ քանակի զենք գնելու պատճառով Ադրբեջանին Արևմուտքի պատժամիջոցները չեն սպառնում: Նա նշել է, որ Ադրբեջանին շատ զենք է անհրաժեշտ ղարաբաղյան հակամարտության պատճառով, բայց արևմտյան երկրները, Իսրայելից բացի, զենք չեն վաճառում, ուստի Ադրբեջանը զենքը գնում է այնտեղից, որտեղից հնարավոր է: Հակամարտության մեջ գտնվող Հայաստանին և Ադրբեջանին Արևմուտքը զենք չի վաճառում՝ չհայտարարված էմբարգո կա:
Նա նշել է, որ անցած տարիներին Ադրբեջանը մոտավորապես 5 միլիարդ դոլարի զենք է գնել Ռուսաստանից, սակայն այս տարվա բյուջեով Մոսկվայից խոշոր խմբաքանակի սպառազինությունների գնումներ նախատեսված չեն:
«Դա նշանակում է՝ Ադրբեջանը կրճատում է զենքի ներմուծումը Ռուսաստանից, և Արևմուտքը դա տեսնում է», - ասել է Էլհան Շահինօղլին՝ հավելելով, թե տնտեսության ոլորտում, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը բաց է ոչ միայն ռուսական, այլև մյուս շուկաների համար:
«Մեր առևտրի հիմնական գործընկերները հենց արևմտյան երկրներն են: Ռուսաստանի հետ մերձեցումը կարող է վնասել Ադրբեջանին, մեզ կախվածության մեջ գցել Մոսկվայից», - ամփոփել է Շահինօղլին: